Դեռևս 2019-ին թվականին Ալաթումանում կառուցված բուժկետն արդեն քանդվում է, այդպես էլ ոչ մի օր նպատակին չծառայելով։ Ինչպես հայտնում են Ախալքալաքի առողջապահական կենտրոնից, բուժքրոջ նշանակման հարցն անորոշ է մնում։

2019 թվականին «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում Ալաթումանում գյուղին հատկացված 16 000 լարիով բուժկետ է կառուցվել, որպեսզի տեղում մարդիկ կարողանան առաջին բժշկական օգնություն ստանալ։ Սակայն բուժկետը մինչև օրս նպատակին չի ծառայում, փոխարենը պատերը խոնավությունից բորբոսնել են։

1

Բուժկետի կառուցումից երեք տարի անց, 2022 թվականին Jnews-ին Ախալքալաքի քաղաքապետարանից հայտնեցին, որ բուժկետը նախ կփոխանցվի «Վրաստանի բժշկական հոլդինգ» կազմակերպությանը, որից հետո միայն այն կսկսի գործել:

«Ալաթումանի բուժկետը նույնպես փոխանցվել է «Վրաստանի բժշկական հոլդինգին», սակայն բուժքույր չեն տրամադրել։ Ես նամակով դիմել եմ հոլդինգին, որպեսզի բուժքույր նշանակեն, նրանք ինձ պատասխանել են, որ այդ տարածքում կա երեք բուժքույր, այդ պատճառով իմաստ չկա չորրորդը նշանակելու», – ասում է Ախալքալաքի առողջապահական կենտրոնի տնօրեն Սիրանուշ Տոնականյանը։

Գյուղացիների համար առաջնահերթ կարևորություն ունի բուժքրոջ նշանակումը, որպեսզի ամեն անգամ առաջին օգնության անհրաժեշտության դեպքում Բեժանո չհասնեն։

«Հասարակ ներարկման համար հասնում ենք Բեժանո, 3 կմ ճանապարհ է։ Ինձ մի տարի պետք էր երակային ներարկում կատարել, ամեն անգամ ստիպված հասել եմ Բեժանո։ Գյուղում քույր կա, ով կարող է աշխատել, բայց ասում են, որ թափուր հաստիք չկա։ Երեխաներին նույնպես պատվաստաման համար, կամ Բեժանո են տանում, կամ բուժքույրն ինքն է գալիս գյուղ և տնետուն անցնելով անում իր գործը», – ասում է գյուղի բնակիչ Կիմիկ Մակարյանը։

Բնակիչները նույնպես դիմել են բուժքույր նշանակելու համար, սակայն ապարդյուն։

3
Ալաթումանից Աշխենը նշեց, որ այդ հարցը առաջնայիններից է, որ պետք է լուծել։

«Ասենք թե կեսգիշերին ինչ-որ մեկին օգնություն է պետք, ի՞նչ անենք, ո՞ւմ դիմենք, գիշերվա ժամը 2-ին Բեժանո գնա՞նք, իսկ այն մարդը ով մեքենա չունի, նա ի՞նչ պետք է անի», – ասում է Աշխենը։

Համայնքի վեց գյուղից միայն երեքն ունեն բուժքույր՝ Բեժանոն, Մոդեգամը և Ագանան, իսկ Ալաթումանը, Կաջոն և Սիրկվան՝ չունեն։

Jnews-ը դիմեց «Վրաստանի բժշկական հոլդինգին» պարզելու, առաջիկայում մտադրություն կա՞ Ալաթումանի բուժկետում բուժքույր նշանակելու, նրանք խոստացան մեր հարցին մի քանի օրից պատասխանել։

Մինչ այդ հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբեր ամսին Ախալքալաքի սակրեբուլոն քննարկեց և ընդունեց մունիցիպալ սեփականություն հանդիսացող հինգ գյուղական ամբուլատորիաների պետության սեփականությանը հանձնելու հարցը։

Այսօրվա տվյալներով, Մաջադիա, Դիլիսկա, Զակ, Ղադոլար, Արագվա, Տուրցխ, Ազավրեթ, Բարալեթ, Գոգաշեն, էխտիլա, Ալաստան, Կարտիկամ, Կումուրդո և Ալաթուման գյուղերի բուժկետերը փոխանցվել են «Վրաստանի բժշկական հոլդինգին»։

Հատկանշական է, որ Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղերում աշխատում է 45 բուժքույր և 23 բժիշկ։ Բուժկետեր են գործում Սուլդա, Ազավրեթ, Բեժանո, Ալաստան, Բարալեթ, Դիլիսկա, Վաչիան, Կումուրդո, Չունչխա, Խանդո, Տուրցխ, Արագվա, Չամդուրա, Զակ, Կարտիկամ, Ղադոլար գյուղերում։ Որոշ բուժկետերում չկա գույք և էլեկտրականություն։

Այս թեմայով կարող եք նաև կարդալ՝