Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոն քննարկում է մունիցիպալ սեփականություն հանդիսացող հինգ գյուղական ամբուլատորիաների պետական սեփականությանը հանձնելու հարցը։ Փոխանցումը տեղի է ունենում առողջապահական բարեփոխումների շրջանակներում։
Առողջապահության առաջնային բժշկասանիտարական օգնության ծառայությունները և բուժանձնակազմի աշխատանքային պայմանները բարելավելու նպատակով, պետությունը որոշել է Վրաստանի ողջ գյուղական շրջանների բուժամբուլատորիաները և հողատարածքները փոխանցել «Վրաստանի բժշկական հոլդինգ» կազմակերպությանը:
Ախալքալաքի մունիցիպալիտետում առաջին փուլում փոխանցման ենթակա են 5 ամբուլատորիա, որոնք ընտրվել են պետության կողմից։
Առաջին փուլում կփոխանցվեն Մաջադիա, Դիլիսկա, Զակ, Ղադոլար և Արագվա գյուղերի ամբուլատորիաները։
Սեպտեմբերի 28-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի քաղաքային գույքի, բնական պաշարների կառավարման և ագրարային հարցերի հանձնաժողովը քննարկեց այս ամբուլատորիաները պետության սեփականությանը հանձնելու հարցը։ Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, այս հարցը կքննարկվի բյուրոյում, ապա նաև՝ լիագումար նիստում, որտեղ պատգամավորները կքվեարկեն կողմ կամ դեմ։
Նշենք, որ Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղերում աշխատում է 44 բուժքույր և 23 բժիշկ։ Ամբուլատորիաներ են գործում Սուլդա, Ազավրեթ, Բեժանո, Ալաստան, Բարալեթ, Դիլիսկա, Վաչիան, Կումուրդո, Չունչխա, Խանդո, Տուրցխ, Արագվա, Չամդուրա, Զակ, Կարտիկամ և Ղադոլար գյուղերում։ Որոշ ամբուլատորիաներում չկա գույք, էլեկտրականություն։
Մյուս գյուղերում բուժքույրերն աշխատում են տնից։
2019 թվականին Վրաստանի Կառավարությունը նախաձեռնել էր հատուկ ծրագիր, որի շրջանակներում շրջաններում կառուցվեցին ամբուլատորիաներ և շտապ օգնության կենտրոններ։ Ախալքալաքի մունիցիպալիտետի չորս գյուղերում կառուցվեցին ամբուլատորիաները, իսկ հինգ գյուղերում վերանորոգվեցին գործող ամբուլատորիաները։
Չորս գյուղերում ամբուլատորիաների կառուցման համար հատկացվել էր 360 հազար լարի, իսկ վեց գյուղերում վերանորոգման համար ծախսվել էր 250 հազար լարի, ընդհանուրը՝ 610 հազար լարի: