Ալաթումանի բնակիչները իրենց գյուղում բուժկետի կառուցումից ի վեր, այսինքն՝ 2019 թվականից մինչև հիմա սպասում են, թե ե՞րբ է այն բացվելու: Ախալքալաքի քաղաքապետարանից հայտնում են, որ բուժկետը նախ կհանձնվի «Վրաստանի բժշկական հոլդինգ» կազմակերպությանը, որից հետո միայն այն շահագործման կհանձնվի:

2019 թվականին «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում Ախալքալաքի շրջանին հատկացվել է 922 000 լարի, որից Ալաթումանին է տրամադրվել 16 000 լարի։ Գյուղի մասնագետի և բնակիչների ընդհանուր որոշմամբ, նշված գումարով բուժկետ են կառուցել, որպեսզի տեղում մարդիկ կարողանան առաջին բժշկական օգնություն ստանալ։ Բուժկետը կառուցել են, սակայն շենքում ոչ էլեկտրականություն, ոչ ջուր, ոչ էլ բժշկական սարքավորումներ կան։

«Ինչո՞ւ կառուցեցին, եթե պետք է փակ լինի, չօգտագործվի: Երեխաներին տանում ենք Բեժանո, ես չորս թոռ ունեմ, ամեն անգամ չորսին էլ տանում եմ Բեժանո, բայց ինչի՞, եթե գյուղում կա, կառուցել են շենքը: Իհարկե, մենք շատ գոհ ենք Բեժանոյի աշխատողից, սակայն ինչի մեր գյուղից գնանք հասնենք Բեժանո։ Գյուղում մասնագետներ ունենք, որ բուժկետը բացվի կկարողանան աշխատել», – ասում է Ալաթումանի բնակիչներից մեկը։

Այս բնակավայրում յուրաքանչյուր բնակիչ նույնն է ասում, վերջապես բացել արդեն երեք տարի «սառեցված» շենքը:

«Ինչ ուզում անում են, մեզ ո՞վ է հարցնողը: «Օգնություն գյուղին» ծրագրով ինչ-որ արել են, մենք օգուտ չենք տեսել, փոքր մարզադաշտը, բուժկետը, հիմա էլ մանկական խաղահրապարակ են կառուցելու, որին գյուղացիները ընդհանրապես կողմ չեն», – ասում է Ալաթումանի բնակիչ Գալոյան Վահանը։

Դեռևս 2022 թվականի մայիսին, համայնքի քաղաքապետի ներկայացուցիչ Մարտիրոս Մարտիրոսյանն JNEWS-ին ասել էր, որ շենքը կկահավորվի, անցել է վեց ամիս, բայց ոչինչ չի արվել։

Համայնքի վեց գյուղից միայն երեքն ունեն բուժքույր՝ Բեժանոն, Մոդեգամը և Ագանան, իսկ Ալաթումանը, Կաջոն և Սիրկվան՝ չունեն։

Սեպտեմբերին Ախալքալաքի Սակրեբուլոն քննարկեց և ընդունեց մունիցիպալ սեփականություն հանդիսացող հինգ գյուղական ամբուլատորիաների պետական սեփականությանը հանձնելու հարցը։ Փոխանցումն իրականացվում է առողջապահական բարեփոխումների շրջանակներում։

Առաջին փուլում նախ պետության սեփականությանը կհանձնվի՝ Մաջադիա, Դիլիսկա, Զակ, Ղադոլար և Արագվա գյուղերի ամբուլատորիաները, այնուհետև՝ «Վրաստանի բժշկական հոլդինգ» կազմակերպության:

«Բոլոր բուժկետերը պետք է տեղափոխվեն հոլդինգի բալանսին: Օրինակ, Զակ և Բուղաշեն գյուղերի միջև կառուցվել է բուժկետ, մենք ծրագիր ունենք, որ եթե գյուղերը մոտ են իրար, ապա ամեն գյուղում բուժկետ չի լինի, կընտրվի համապատասխան երկուստեք հարմար վայր: Ալաստանում վարչության շենքի մի մասը պատրաստվում ենք մանկապարտեզ կառուցել, իսկ մյուս մասը, որտեղ բուժկետն է, փոխանցեցինք նրանց։ Ալաթումանը նույնպես կփոխանցվի հոլդինգին: Փուլ առ փուլ այսպիսի աշխատանքներ են կատարվում», – ասում է քաղաքապետ Մելքոն Մակարյանը:

Քաղաքապետարանից վստահեցնում են, երբ Ալաթումանի բուժկետի շենքը փոխանցվի «Վրաստանի բժշկական հոլդինգ» կազմակերպության բալանսին, այդ ժամանակ էլ նրանք կկահավորեն և շահագործման կհանձնեն:

Նշենք, որ Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղերում աշխատում է 44 բուժքույր և 23 բժիշկ։ Ամբուլատորիաներ են գործում Սուլդա, Ազավրեթ, Բեժանո, Ալաստան, Բարալեթ, Դիլիսկա, Վաչիան, Կումուրդո, Չունչխա, Խանդո, Տուրցխ, Արագվա, Չամդուրա, Զակ, Կարտիկամ և Ղադոլար գյուղերում։ Որոշ ամբուլատորիաներում չկա գույք, էլեկտրականություն։

Մյուս գյուղերում բուժքույրերն աշխատում են տնից։

Այս թեմայով կարող եք կարդալ նաև՝

Կառուցված, բայց նպատակին չծառայած Ալաթումանի բուժկետը

Ալաթումանի բուժկետը դեռ չի գործում

Ախալքալաքի ամբուլատորիաները փոխանցվում են պետության սեփականությանը