Դեռ 2019 թվականից Ալաթուման գյուղում կառուցած բուժկետը մինչև հիմա չի համալրվել բժշկական սարքավորումներով և համապատասխան կահույքով։ Գյուղում չկա նաև բուժաշխատող։
JNEWS-ը Ալաթուման գյուղի բուժկետի մասին գրել էր դեռևս մայիս ամսին: Այդ ժամանակ մեզ հետ հեռախոսազրույցում համայնքի քաղաքապետի ներկայացուցիչ Մարտիրոս Մարտիրոսյան վստահեցրեց, որ բժշկական սարքավորումները և կահավորանքը մոտ մեկ ամսվա ընթացքում կլինեն:
Մենք այսօր չկարողացանք կապ հաստատել նրա հետ։
Ախալքալաքի առողջապահական կնետրոնի տնօրեն Սիրանուշ Տոնականյանի խոսքով, Ալաթումանի բուժկետի վերաբերյալ դեռ ոչ մի նախագիծ չկա։
«Դեռևս ոչ մի գործողություն չի արվել: Ես կարծում եմ, որ առաջնային գյուղը պետք է ունենա բուժքույր, որ կարողանա շենքը բացել, օգտագործել։ Ալաթումանի ներկայիս բուժքույրը Բեժանո գյուղից է, պատվաստումների ժամանակ գնում է Ալաթուման, շրջում է գյուղում, տնետուն անցնելով պատվաստումներ է անում։ Նա ֆիզիկապես չի կարող միշտ Ալաթումանում լինել», – ասում է Տոնականյանը։
Ինչպես նա է նշում՝ աշխատանքային նոր հաստիքների համար դիմումներն ուղարկված է Թբիլիսի, սպասում են պատասխանի։
Ալաթումանի և մյուս գյուղերի բուժկետերի կահավորանքի համար առողջապահության նախարարությունը պետք է էլեկտրոնային մրցույթ հայտարարեր, սակայն չի հայտարարել։ Ախալքալաքի առողջապահական կնետրոնի տնօրենը նշում է՝ շատ հավանական է, որ նախարարությունն այդ որոշումը միանգամից կայացնի և իրականացնի։
Հիշեցնենք, որ Ալաթուման գյուղի բուժկետը կառուցվել է 2019 թվականին «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում: Անցած երեք տարիների ընթացքում բուժկետը չի օգտագործվել։ Չորս պատերից ներս ոչ կահավորանք կա, ոչ էլ բժշկական սարքավորումներ:
2019 թվականին «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում Ախալքալաքի շրջանին հատկացվել է 922 000 լարի, որից Ալաթումանին է տրամադրվել 16 000 լարի։ Գյուղի մասնագետի և բնակիչների ընդհանուր որոշմամբ, ընտրել են լուծել գյուղի հրատապ հարցերից մեկը, որն էր բուժկետի կառուցումը, որպեսզի այստեղ պատվաստումներ կամ բժշկական առաջին օգնություն կարողանան ցուցաբերել։ Բայց բուժկետն իր նպատակին չի ծառայում: