Ախալքալքում 2019 թվականից պետական ​​ծրագրի շրջանակներում, չորս գյուղերում կառուցվել են բուժկետներ, իսկ հինգ գյուղերում հիմնանորոգվել են գործող բուժկետները։ Նույն թվականին է կառուցվել նաև Ալաթուման գյուղի բուժկետը, որը մինչև հիմա չի գործում։

2019 թվականին «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում Ալաթումանին հատկացված 16 000 լարին ամբողջովին ուղղվել է գյուղում բուժկետի կառուցմանը, որպեսզի տեղում մարդիկ կարողանան առաջին բժշկական օգնություն ստանալ։ Բայց նորակառույց բուժկետն արդեն քանդվում է, պատերը խոնավացել են, նորոգումը՝ փչացել: Շենքում ոչ էլեկտրականություն կա, ոչ ջուր, ոչ էլ բժշկական սարքավորումներ։

Տարիներ շարունակ բնակիչները սպասում են բուժկետի բացմանը, բայց․․․։

Ախալքալաքի հանրային առողջապահության կենտրոնի տնօրեն Սիրանուշ Տոնականյանն ասում է, որ Ալաթումանի բուժկետը չի գործում, բուժքույր նույնպես նշանակված չէ։

«Ներկա դրությամբ հոլդինգի սեփականությանն է հանձվել է Կարտիկամի, Ղադոլարի, Զակի, Վաչիանի և Չամդուրաի բուժկետերը։ Հոլդինգը միայն ապահովում է աշխատավարձով, իսկ մյուս աշխատանքներով մենք ենք զբաղվում։ Մոնիթորիգ, ստուգումներ, ամեն ինչ մենք ենք անում»,- ասում է Սիրանուշ Տոնականյանը։

Այս տարի դեռ ոչ մի գյուղում բուժքուր չի ավելացել։

«Ցանկանում ենք, որ Ալաթումանում, Սամսարներից մեկում բուժքույր ավելացնենք, իսկ Խավեթում ուզում ենք բժիշկ ունենալ»,- ասում է Ախալքալաքի հանրային առողջապահության կենտրոնի տնօրենը։

Նշենք, որ Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղերում կա 44 բուժքույր և 23 բժիշկ։ Բուժկետներ կան Սուլդա, Ազավրեթ, Բեժանո, Ալաստան, Բարալեթ, Դիլիսկա, Վաչիան, Կումուրդո, Չունչխա, Խանդո, Տուրցխ, Արագվա, Չամդուրա, Զակ, Կարտիկամ և Ղադոլար գյուղերում։

Մյուս գյուղերում բուժքույրերն աշխատում են տնից։

Այս թեմայով կարող եք կարդալ նաև՝

Ե՞րբ կգործի 3 տարի առաջ կառուցված Ալաթումանի բուժկետը

Կառուցված, բայց նպատակին չծառայած Ալաթումանի բուժկետը

Ալաթումանի բուժկետը դեռ չի գործում

Ախալքալաքի ամբուլատորիաները փոխանցվում են պետության սեփականությանը