Մարտի 1-ից Վրաստանում բժիշկներին կպարտադրվի երկրորդ խմբի դեղամիջոցները նշանակել միայն էլեկտրոնային դեղատոմսով։ Այս մասին հայտնում է Վրաստանի Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
«2022 թվականի մարտի 1-ից Վրաստանի ողջ տարածքում բժշկական ծառայություններ մատուցող բոլոր բուժհաստատություններն ու բժիշկները պարտավոր են երկրորդ խմբին պատկանող դեղագործական արտադրանքը նշանակել միայն №3 էլեկտրոնային դեղատոմսով», – հայտնում են գերատեսչությունից։
Դրա հետ մեկտեղ, էլեկտրոնային դեղատոմսերը պետք է ձևակերպվեն բոլոր այն քաղաքացիներին, որոնց դուրս են գրում հիվանդանոցից։
Նորամուծությունները վերաբերում են նաև ատամնաբուժական կլինիկաներին՝ ատամնաբույժի կողմից նշանակված դեղատոմսի դեպքում։ Բացառություն են կազմում միայն գյուղաբնակ բժիշկները, նրանց թույլատրվում է դեղատոմսերը տրամադրել թղթի տեսքով։
Առողջապահության նախարարությունը զգուշացնում է, որ նախատեսվող փոփոխությունների կապակցությամբ բոլոր դեղատները պետք է ունենան անհրաժեշտ նյութատեխնիկական հնարավորություններ։
Երկրորդ խմբին է պատկանում այն դեղագործական արտադրանքը, որի չարաշահումը կարող է զգալի վնաս հասցնել մարդու առողջությանը կամ կյանքին, ինչպես նաև դեղորայքը, որի ցուցումներում ասվում է, որ խորհուրդ չի տրվում օգտագործել առանց բժշկի նշանակման։ Դրանք հակաբիոտիկներն են, հորմոնալ դեղամիջոցները, հակադեպրեսանտները: