Կարմրուկի դեմ բնակչության պարտադիր պատվաստումը շարունակվում է: Ծնողները կասկածում եւ վախենում են հետեւանքներից, բժիշկները կոչ են անում չվախենալ պատվաստումից եւ երեխաներին պատվաստել իրենց իսկ օգտի համար:
Հունվարի 2019-ից մինչեւ մարտի 25-ը Ախալքալաքի մունիցիպալիտետում պատվաստվել է 323 մարդ, որոնց մեծ մասը մարտ ամսվա ընթացքում:
Հունվարից, Ախալքալաքի հիվանդանոցում, կարմրուկի դեմ պատվաստման գործընթացն իրականացվել է ինչպես աշխատանքային օրերին, այնպես էլ շաբաթ-կիրակի օրերին, սակայն, ըստ մանկաբույժ Մարիաննա Համբարձումյանի, ոչ ոք հանգստյան օրերին չէր գալիս, ուստի նրանք դադարեցին աշխատել ոչ աշխատանքային օրերի ընթացքում: Մարդիկ սկսեցին գալ միայն Մամուկա Բախտաձեի հրամանից հետո, երբ դպրոցներում եւ մանկապարտեզներում երեխաներից սկսեցին պահանջել պատվաստման տեղեկանք:
Ծնողները կասկածանքով են մոտենում պատվաստմանը եւ դժգոհում են, որ նրանք ստիպված են երեխաներին պատվաստել դպրոցին տեղեկանք ներկայացնելու համար:
Հատկապես դիմակայում են քաղաքում, իրավիճակը շատ ավելի լավ է գյուղերում: Ծնողները չեն բացատրում իրենց հրաժարականը կամ իրենց կասկածները: Ոմանք ասում են, որ պատվաստանյութը թուրքական ծագում ունի եւ կարող է հանգեցնել անպտղության:
Վրաստանում կարմրուկի համաճարակի կանխարգելման նպատակով Մամուկա Բախտաձեն 2019 թվականի հունվարի 18-ին հրաման էր արձակել՝ «Կարմրուկի զանգվածային տարածման կանխարգելմանը ուղղված միջոցառումների մասին»:
Բախտաձեի հրամանում ավում է, որ եթե շահառուի կողմից պատվաստման փաստը հաստատող տեղեկանք չի ներկայացվում, ապա դպրոցը կամ այլ հաստատությունը կարող է երկու ամսվա ընթացքում քննարկել կարգավիճակից զրկելու հարցը:
Մանկաբույժը պնդում է, որ պատվաստանյութը, որը ստացել են, լավ որակի է5 բելգիական արտադրության, եւ,որ ծնողները ոչ մի հիմք չունեն անհանգստանալու համար:
«Մենք մինչեւ պատվաստումը երեխաներին ստուգում ենք: Մեր պատվաստանյութը բելգիական արտադրության է: Պատվաստանյութը պատրաստված է հավկիթի կեղևի հումքից եւ երեխան չպետք է ալերգիկ լինի ձվի նկատմամբ: Պատվաստումը պետք է իրականացվի բժշկական հաստատություններում, քանի որ պատվաստումից հետո երեխան կես ժամ մնում է հիվանդանոցում, ապա նրան բաց ենք թողնում», – ասում է Մարիաննա Համբարձումյանը:
Ծնողները, ովքեր չեն ցանկանում պատվաստել իրենց երեխաներին, պետք է հրաժարական գրեն: Թեեւ հիվանդանոցում պաշտոնական հրաժարման ձեւաթուղթ չկա: Մեր ներկայության ժամանակ, մի ծնող գրեց հրաժարականը սովորական թղթի վրա եւ ստորագրեց այն:
Մանկաբույժի խոսքով, այդ փաստաթղթերը հիվանդանոցի կնիքով կուղարկվեն դպրոցներ կամ մանկապարտեզներ, իսկ ինչպես կվարվեն հաստատությունները, դա արդեն որոշում են նրանք:
Ներկայումս 6 հոգի հրաժարվել է թիվ 1 դպրոցից, թիվ 2 դպրոցից՝ 4 հոգի, թիվ 4 դպրոցից՝ 6 հոգի եւ թիվ 5 դպրոցից՝ 5 հոգի:
Հասարակական առողջապահության կենտրոնի տեղեկության համաձայն, Ախալքալաքի մունիցիպալիտետում պաշտոնապես կարմրուկը գրանցված չէ, չնայած այն բանին, որ մունիցիպալիտետում կան կարմրուկով հիվանդներ:
Շուշան Շիրինյան