Դեռ հոկտեմբերի սկզբից Ախալքալաքում Ջավախեթյան փողոցի ասֆալտապատումից հետո խնդրահարույց է մնացել կոյուղագծերի բաց դիտահորերը: Այս փողոցում թվով երեք դիտահոր բաց է, որոնք վտանգ են ներկայացնում ոչ միայն վարորդների, այլև հետիոտնի համար:
Վարորդները բողոքում են ստեղծված իրավիճակից: Գիշերային լույսերի տակ պետք է առավել զգուշություն ցուցաբերել, քանի որ երկու դիտահոր համարյա անտեսանելի են, իսկ մեկում մեքենայի անվադող է դրված:
Jnews-ն ասֆալտապատման աշխատանքներից անմիջապես հետ դիմել էր, ինչպես ճանապարհն ասֆալտապատած «ՋավախԱվտոԳզա» ընկերությանը, այնպես էլ Ախալքալաքի միացյալ ջրամատակարարման ընկերությանը: Երկու տեղից էլ մեզ պատասխանել էին, որ դիտահորերը փակելն իրենց պարտականությունների մեջ չի մտնում:
Հոկտեմբերին Jnews-ը Ախալքալաքի քաղաքապետից էր հետաքրքրվել, թե ի վերջո փակվելո՞ւ են Ջավախեթյանի բաց դիտահորերը։ Այդ ժամանակ Մելքոն Մակարյանն ասաց, որ դիտահորերի կափարիչները կտեղադրի քաղաքապետարանի ներքո գործող Սպասարկման կենտրոնը։
«Ջավախեթյան փողոցի ասֆալտապատման աշխատանքներն ավարտվել են, բայց․․․» վերտառությամբ նյութի հրապարակումից գրեթե մեկ ամիս է անցել, սակայն Ջավախեթյանի դիտահորերը դեռ բաց են մնում։
Այսօր՝ նոյեմբերի 8-ին, Ախալքալաքի Սպասարկման կենտրոնի տնօրեն Մխիթար Ռստակյանը վստահեցրեց, որ շուտով դիտահորերը կփակվեն:
«Քանի որ դիտահորերն արդեն տեղադրված են, բացակայում են միայն կափարիչները և մենք պետք է գտնեինք համապատասխան չափսի կափարիչ։ Արդեն պատվիրել են Թբիլիսիում, շուտով պատրաստ կլինի, սպասում եմ, որ գնամ բերեմ: Կոնկրետ օր չեմ կարող ասել, բայց շատ շուտով դիտահորերը կփակենք», – ասաց Սպասարկման կենտրոնի տնօրենը։
Կարդալ նաև՝