Ախալքալաքի Ջավախեթյան փողոցը 2020 թվականից գտնվում է անբարեկարգ վիճակում։ Այն պետք է ասֆալտապատվեր Ախալցիխե-Ախալքալաք մայրուղու ասֆալտապատման ժամանակ, սակայն պարզվեց, որ այդ փողոցում ջրատար խողովակները հին են, ինչպես նաեւ կոյուղի չկար։ Կատարվեցին փողոցի ջրագծի և կոյուղագծի տեղադրման աշխատանքները, որից հետո ասֆալտապատման համար էլեկտրոնային մրցույթ հայտարարվեց։ «Ջավախ Ավտո Գզա» ընկերությունը պետք է ասֆալտապատեր փողոցը, սակայն…

Ճանապարհն ասֆալտապատող ընկերության տնօրեն Նոդար Ինասարիձեն ասում է, որ այս պահին աշխատանքներ իրականացնել հնարավոր չէ։

«Ջավախեթյան փողոցում աշխատանքները սկսել եմ, այնուհետև դադարեցրել, քանի որ կոյուղու համակարգը մակերեսային է և այդտեղ անհնար է աշխատելը, տրաքվում է ամեն ինչ։ Ես չեմ սկսի աշխատանքները, մինչև այդ խնդիրը չլուծվի, համապատասխան մարմինները պետք է համապատասխան որոշում կայացնեն», – ասաց «Ջավախ Ավտո Գզա» ընկերության տնօրենը։

Իսկ Վարդան Չոլախյանը, ով իրականացրել է ջրի խողովակաշարի վերանորոգման և կոյուղագծի անցկացման աշխատանքներն ասում է, որ իրենք ավարտել են աշխատանքները, և հիմա առաջացած խնդիրների համար պատասխանատու չեն։

«Ավարտել ենք աշխատանքները։ Մենք նախագիծ ենճ տվել ասֆալտապատող ընկերությանը, թե ինչ խորության վրա են գտնվում խողովակները։ Ըստ մեր նախագծի ջրատար խողովակը պետք է լիներ 1․10-ից 1․20 մ խորության վրա: Մեր աշխատանքի ընթացքում, այն ինչը մենք էինք փչացնում, վերականգնում էինք, իսկ հիմա մենք ավարտել ենք աշխատանքները։ Կարևորը, որ մենք իրենց նախագիծ ենք տրամադրել, ինչը մենք չենք էլ ունեցել», – ասաց Վարդան Չոլախյանը։

Այնուհետև բնակիչները գլխավոր խողովակից ջուրը հասցրել են տներ, որտեղ էլ խողովակների խորությունը 0․50-0․70 սմ է։ Եվ ասֆալտապատող ընկերության աշխատանքների ժամանակ վնասվում են այդ խողովակները։

Ինչպես է կարգավորվելու առաջացած խնդիրը և ինչ պետք է արվի, որ շարունակվեն աշխատանքները փորձեցինք պարզել քաղաքապետից։

«Ցավալին այն է, որ մենք այդտեղ լիազորություն չունենք, քանի որ ճանապարհը պատկանում է ճանապարհային վարչությանը, սակայն ես արդեն գրավոր դիմում եմ ուղարկել, որ արդեն աշուն է, այդպես չի լինի։ Հիմա ուզում եմ, որ նստենք բոլորով՝ ես, «Ջավախ Ավտո գզա» ընկերության տնօրենը, Վարդան Չոլախյանը և տարածքի մաժորիտար պատգամավորը որոշենք, ընդհանուր հայտարարի գանք։ Այս հարցը այսպես չի կարելի թողնել», – ասաց Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը։

Քաղաքապետը խոսել է բոլոր կողմերի հետ առանձին,
ասում է այստեղ բնակիչներին օգնելուց բացի այլ կարևոր բան չկա, այդ իսկ պատճառով ծրագրում է բոլոր կողմերի հետ ընդհանուր հանդիպում կազմակերպել, քննարկել հարցը և ընդհանուր հայտարարի գալ։

Մնում է սպասել, թե ի վերջո ինչպիսի լուծում կստանա առաջացած խնդիրը։

Այս թեմայով կարող եք կարդալ՝

Ջավախեթյան փողոցի ասֆալտապատման համար նոր ծրագիր է մշակվել

Շուտով կսկսվեն Ջավախեթյան փողոցի ասֆալտապատման աշխատանքները

Ջավախեթյան փողոցի ասֆալտապատման համար նախատեսվում է նոր մրցույթ հայտարարել

Ջավախեթյան փողոցն այս տարի խոստանում են վերանորոգել