Արդեն մի քանի օր է ավարտվել է Ջավախեթյան փողոցի ասֆալտապատման աշխատանքները, որը տևեց գրեթե 4 տարի։ Տարբեր պատճառներով հետաձգվող աշխատանքներն անհարմարավետություն էին ստեղծում տեղի բնակիչների համար։ Հիմա արդեն ճանապարհային գծանշումներն արված են, տեղադրվում են արագությունը սահմանափակող և այլ նշաններ։ Սակայն փողոցում դեռ անավարտ աշխատանքներ կան։

2

Ախալքալաքի Ջավախեթյան փողոցը 2020 թվականից գտնվում էր անբարեկարգ վիճակում։ Այն պետք է ասֆալտապատվեր Ախալցիխե-Ախալքալաք մայրուղու ասֆալտապատման ժամանակ, սակայն պարզվեց, որ այդ փողոցում ջրատար խողովակները հին են, ինչպես նաև կոյուղի չկար։ Կատարվեցին փողոցի ջրագծի և կոյուղագծի տեղադրման աշխատանքներ, որից հետո ասֆալտապատման համար էլեկտրոնային մրցույթ հայտարարվեց։ Այնուհետև ճանապարհն ասֆալտապատող ընկերության տնօրեն Նոդար Ինասարիձեն պնդում էր, որ կոյուղու համակարգը մակերեսային է անցկացված և այդտեղ անհնար է ասֆալտապատման աշխատանքներ իրականացնել։ Ի վերջո հարցը լուծվեց և վերջապես փողոցն ասֆալտապատվեց։ Հիմա արդեն ավարտվել են գծանշման աշխատանքները, տեղադրվում են ճանապարհային նշաններ, սակայն բաց են մնացել կոյուղագծերի դիտահորերը։  Նաև Ջավախեթյանի սկզբնամասում, որտեղ կան ջրատարներ, դրանք փակված են երկաթյա ցանցով, սակայն այն դուրս է եկել իր տեղից և խոչընդոտում է անվտանգ երթևեկությանը։ Այսօր այդ երկաթյա ցանցը «ՋավախԱվտոԳզա» ընկերության աշխատակիցները տեղադրել են։

6

«Մեր պարտականության մեջ չէր մտնում, բայց տեսանք, որ դուրս են եկել իրենց տեղից, փորձեցինք տեղը դնել», – ասացին ճանապարհաշինարարական ընկերության աշխատակիցները։

Jnews-ը փորձեց պարզել, թե ում պարտականությունն է կոյուղագծերի դիտահորերի կափարիչները տեղադրումը։

Դիմեցինք փողոցում ջրագծի և կոյուղագծի տեղադրման աշխատանքներ իրականցնող ընկերության ներկայացուցիչ Վարդան Չոլախյանին, նա ասաց, որ գործն ավարտին է հասցրել և այն ինչն իր հասանելիքն է եղել, արել է։ Հիմա այլևս ինքը պատասխանատու չէ։

5

Ասֆալտապատման աշխատանքներ իրականացնող «ՋավախԱվտոԳզա» ընկերության գործադիր տնօրեն Նոդար Ինասարիձեն ասաց․

«Դա մեր պարտականությունը չէ, դա ջրամատակարարման ընկերության պարտականությունն է։ Մեր պարտականությունն է եղել բարձրացնել կոյուղագիծը, հավասարեցնել ասֆալտի բարձրությանը, իսկ կափարիչը մեր խնդիրը չէ։ Առաջ էլ չի եղել կափարիչ»։

Ինչպես նաև հավելեց, որ ընկերության պարտականության մեջ չէր մտնում նաև Ջավախեթյանի (դեպի Ախալցիխե) ջրատարների վրայի երկաթյա ցանցի տեղադրումը, որն արդեն տևական ժամանակ է դուրս էր եկել տեղից և վտանգավոր էր։

Դիմեցինք Ախալքալաքի միացյալ ջրամատակարարման սերվիս կենտրոնի տնօրեն Գիորգի Վախտանգիշվիլիին, նա ասաց հետևյալը․

«Դա մեր պարտականությունը չէ։ Եթե գործն անում են էլեկտրոնային մրցույթով, ապա գործի ավարտից հետո կա երաշխիքային ժամկետ, հիմա այդ կափարիչների տեղադրումը պետք է լինի կամ կոյուղագիծը փոխողի, կամ ասֆալտապատումն իրականացնողի պարտականությունը։ Ես երկուսին էլ տեղյակ պահել եմ, դա արդեն իրենք պետք է որոշեն, թե ով է անելու»։

Ի վերջո Jnews-ը դիմեց Ախալքալաքի քաղաքապետարան, չնայած այն հանգամանքին, որ Ջավախեթյանը պատկանում է ճանապարհային վարչությանը։

«Ես ինքս տեսել եմ, այո, իրականում շատ վտանգավոր է այդտեղով երթևեկելը։ Դիմել եմ բոլոր այն մարդկանց, ովքեր աշխատել են այդ ճանապարհի վերանորոգման վրա։ Ջրագիծն ու կոյուղագիծը վերանորոգողն ասում է, որ ինքը կատարել է նախագծով եղած բոլոր աշխատանքները և կափարիչներ եղել են։ Ջրամատակարարման ընկերությունից ասացին, որ այդ աշխատանքները կատարվել է էլեկտրոնային մրցույթով և այն ունի երաշխիքային ժամկետ, և այսպիսի դեպքերում պետք է տվյալ ընկերությունը կատարի աշխատանքները։ Ինչ վերաբերում է «ՋավախԱվտոԳզա» ընկերությանը, ապա նա նույնպես պնդում է, որ կատարել է իր աշխատանքները։ Բայց քանի որ այս հարցը կոնկրետ վերաբերվում է մեր քաղաքացիների անվտանգությանը, դրա համար քաղաքապետարանը քայլեր է ձեռնարկում հարցը լուծելու համար։ Մենք ունենք Սերվիս կենտրոն, դիմել եմ նրանց և մեր ուժերով հարցը կլուծենք, չնայած նրան, որ քաղաքապետարանը պարտավորված չէ, դա չի մտնում մեր գործառույթների մեջ, քանի որ այդ ճանապարհը պատկանում է Ճանապարհային վարչությանը։ Բայց այստեղ հարցը մեր քաղաքացիների անվտանգությունն է», – ասաց Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը։

4

Այս թեմայով կարող եք կարդալ նաև՝

Ջավախեթյան փողոցի ասֆալտապատման համար նոր ծրագիր է մշակվել

Շուտով կսկսվեն Ջավախեթյան փողոցի ասֆալտապատման աշխատանքները

Ջավախեթյան փողոցի ասֆալտապատումը կրկին ձգձգվում է

Ջավախեթյան փողոցի ասֆալտապատման աշխատանքները կմեկնարկեն, բայց․․․

Ջավախեթյան փողոցի վերանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են