Դեռ 2020 թվականից կիսաքանդ վիճակում գտնվող Ջավախեթյան փողոցի ասֆալտապատման աշխատանքները վերսկսվել են։ Այս փողոցի ասֆալտապատումը տարիների ընթացքում կռվախնձոր էր դարձել, տարբեր պատճառներով հետաձգվում էր, բայց գրեթե 10 օր է ինչ «ՋավախԱվտոԳզա» ընկերությունը վերսկսել է աշխատանքները։
Ասֆալտապաման աշխատանքների մեկնարկից մի քանի օր հետո փողոցի բնակիչները բողոքել են առ այն, որ աշխատանքներն անորակ են կատարվում։ Հետո հանդիպել են ընկերության տնօրենի հետ ու ընդհանուր հայտարարի եկել։ Հիմա գոհ են իրականացվող աշխատանքներից։
«Ներկա դրությամբ իմ տան դիմաց են աշխատում, ամեն ինչ նորմալ է, դեռևս բողոքներ չունենք։ Մեր միակ ցանկությունն է ազատվել փոշուց», ասում է Ջավախեթյան փողոցի բնակիչներից մեկը։
Ասֆալտապատման աշխատանքներն իրականացնող ընկերության օպերատորն ասում է, որ աշխատում են առանց խնդիրների։
«Աշխատանքները մի քիչ հետ են ընկնել եղանակային պայմանների պատճառով, թե չէ կոնկրետ խնդիրներ չկան։ Մենք աշխատանքները կատարում ենք ըստ նախագծի՝ թե լայնությունը, թե խորությունը չափելու հստակ սարքավորումներ եւ մասնագետներ ունենք, ըստ որոնց էլ կատարում ենք աշխատանքները», ասում է Մամիկոն Բառբառյանը։
Նշենք, որ Դարբինյան փողոցի ասֆալտապատման առաջին շերտն արդեն ավարտել են, պետք է կատարեն երկրորդ շերտը։
Հատկանշական է, որ այս փողոցը պետք է ասֆալտապատվեր դեռևս Ախալցիխե-Ախալքալաք մայրուղու ասֆալտապատման ժամանակ, սակայն պարզվեց, որ Ջավախեթյանի ջրատար խողովակները հին են, իսկ կոյուղագիծ ընդհանրապես չկա: Ասֆալտապատումը չիրականացվեց: Ըստ այդմ էլ 2021-2022 թթ-ին կատարվեցին փողոցի ջրագծի և կոյուղագծի անցկացման աշխատանքներ, որից հետո Վրաստանի ճանապարհային վարչությունն ասֆալտապատման համար էլեկտրոնային նոր մրցույթ հայտարարեց, որը հաղթեց «ՋավախԱվտոԳզա» ընկերությունը։
Սակայն ասֆալտապատման աշխատանքներն այդպես էլ 2022 թվականին չսկսվեցին: Մրցույթը շահած ընկերությունը հրաժարվում էր ասֆալտապատել փողոցը՝ պատճառաբանելով, որ ջրատար խողովակներն ու կոյուղագիծը շատ ծանծաղ է անցկացված:
Ի վերջո, երկար քննարկումներից հետո կողմերն ընդհանուր հայտարարի եկան՝ ասֆալտապատման աշխատանքները կիրականացվեն, իսկ շինարարության ընթացքում ջրամատակարարման կամ կոյուղագծերի վրա վթարների դեպքում խնդիրները կշտկվեն ոչ թե վերականգնումն իրականացնող, այլ այդ գծերը տեղադրած ընկերության կողմից։ Բայց մինչ կողմերը լուծում գտան, վրա հասավ ձմեռը և փողոցը մնաց առանց ասֆալտի։ Եվ գրեթե չորս տարվա ձգձգումներից հետո կարծես երևում է վերոնշյալ ճանապարհի ասֆալտապաման աշխատանքների վերջը։