Ջավախեթյան փողոցում արդեն ավարտվել է կոյուղու և ջրագծի համակարգի նորոգման աշխատանքները և հայտարարվել է մրցույթ փողոցի ասֆալտապատման աշխատանքների համար:
Ախալքալաք-Ախալցիխե կենտրոնական մայրուղու Ջավախեթյան փողոցի հատվածը ծրագրվում էր վերանորոգել 2020 թվականին: Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային վարչությունը 6 638 460 լարիի չափով էլեկտրոնային մրցույթ է անցկացրել Ախալցիխե-Ախալքալաք ճանապարհահատվածի վերականգնման համար՝ «Կորխիս Ծղալի» կամրջից մինչև Թավիսուփլեբա-Դարբինյան փողոցների խաչմերուկ: Էլեկտրոնային մրցույթը շահել է «Ճանապարհաշինության վարչություն №1» ընկերությունը՝ 5,744,000.00 լարիի չափով։ Սակայն վերականգնողական աշխատանքների ավարտին, երբ հասան Ջավախեթյան փողոց՝ վերականգնվող տարածքի վերջին հատված, պարզվեց, որ այս փողոցում կոյուղի չկա, և ջրամատակարարման համակարգը փոխելու անհրաժեշտություն կա։ Այդ պատճառով որոշվել է հետաձգել այս հատվածի ասֆալտապատումը և վերսկսել աշխատանքները միայն կոյուղագծի և նոր ջրամատակարարման համակարգի անցկացումից հետո:
Վերոնշյալ փողոցում ստորգետնյա և ջրային հաղորդակցությամբ սկսել է զբաղվել «Մշենեբլոբա» ընկերությունը 2021 թվականի աշնանից, էլեկտրոնային մրցույթը շահել է 603 700 լարիով: Պայմանագրով աշխատանքները պետք է ավարտվեին ձմռանը, սակայն Ջավախքի խիստ ձմռան պատճառով ավարտվեցին հուլիսին։ Այժմ պետք է կատարվի փողոցի ասֆալտապատման աշխատանքներ։
Ջավախեթյան փողոցի ասֆալտապատման համար հունիսի 21-ին նոր մրցույթ է հայտարարվել՝ 1 638 407 լարիի չափով: Էլեկտրոնային մրցույթին մասնակցել է «ՋավախԱվտոԳզա» ընկերությունը և աշխատանքներն իրականացնելու համար առաջարկել 1 458 000 լարի: Այս պահին էլ. մրցույթը փաստաթղթերի վերանայման փուլում է:
«ՋավախԱվտոԳզա» ընկերության տնօրեն Նոդար Ինասարիձեի խոսքով, պայմանագրի հաստատման գործընթացը մոտ 10 օր կտևի: Եթե ընկերությունը շահի մրցույթը, ասֆալտապատման աշխատանքները կտևեն մոտավորապես 8 ամիս: