նորություններ 11 Սեպտեմբերի, 2026 • Ախալքալաք–Կարծախ ճանապարհը՝ երկրի դեմքը օտարերկրյա այցելուների աչքերով

Ախալքալաք–Կարծախ միջպետական ճանապարհի անմխիթար վիճակի մասին տարիներ շարունակ խոսում են ոչ միայն տեղի բնակիչները, այլև այդ ճանապարհով երթեւեկող վարորդները, զբոսաշրջային կազմակերպություններն ու ճանապարհից օգտվողները։ Այս անգամ խնդրին անդրադառնում ենք մեկ այլ տեսանկյունից՝ Հայաստանից Թուրքիա ճանապարհորդող քաղաքացիների, զբոսավարների և վարորդների աչքերով։

Այս ճանապարհով Հայաստանից Թուրքիա են մեկնում բազմաթիվ զբոսաշրջային խմբեր։ Նրանց համար Ախալքալաք–Կարծախ ճանապարհը հաճախ դառնում է ճանապարհորդության ամենադժվար հատվածներից մեկը։

«Սա իսկական փորձություն է, մեր տուրերի ընթացքում հազարավոր կիլոմետրեր ենք անցնում, սակայն ամենահոգնեցուցիչը Ախալքալաք-Կարծախ հատվածն է։ Ես ավելի շատ մտահոգվում եմ տեղաբնակ հայ գյուղացիների համար։ Ինչպես կարելի է ապրել այս պայմաններում»,- իր մտահոգությունն է հայտնում զբոսավար Ռուզաննան Հայաստանից։

Հայաստանից ժամանող մեքենաների վարորդների համար ճանապարհի վիճակը հատկապես խնդրահարույց է գիշերային ժամերին։ Տեղացի վարորդները, երկար տարիներ անցնելով այս ճանապարհով, որոշ չափով ճանաչում են ամենավտանգավոր ու դժվարանցանելի հատվածները։ Սակայն առաջին անգամ կամ հազվադեպ այստեղով անցնող վարորդների համար իրավիճակն ավելի բարդ է։

Ճանապարհի փոսերն ու անհարթությունները կարող են վնասել մեքենաները, ինչի հետևանքով ճանապարհորդությունը երբեմն վերածվում է չնախատեսված կանգառների և վերանորոգման անհրաժեշտության։ Իսկ զբոսաշրջային խմբերի դեպքում նույնիսկ մի քանի ժամ ուշացումը կարող է խախտել ամբողջ երթուղու ժամանակացույցը։

«Ամենայն անկեղծությամբ, մեր օրերում նման ճանապարհն իսկական խայտառակություն է։ Մեքենաները ջարդվում են։ Եղել են դեպքեր, երբ հենց այդ պահին վերանորոգման անհրաժեշտություն է առաջացել, իսկ մեր տուրերի ժամանակ ամեն կես ժամ կորցնելը բազմաթիվ խնդիրներ կարող է առաջացնել։ Իհարկե, պետք է նշել նաև չնախատեսված ֆինանսական ծախսերի մասին, որոնք առաջանում են ամեն շրջագայությունից հետո մեքենաների հետազոտությունների ու վերանորոգումների ժամանակ», — ասում է զբոսավար Անժելան։

Տուրիստական կազմակերպությունների համար սա հատկապես լուրջ խնդիր է։ Երբ մեքենան նախատեսված է մի քանի օր տևողությամբ շրջագայության համար, ճանապարհին առաջացած տեխնիկական խնդիրները կարող են ազդել ոչ միայն տվյալ օրվա ծրագրի, այլև ամբողջ երթուղու վրա։

Որոշ վարորդներ նշում են, որ նման ուղևորություններից հետո մեքենաները լրացուցիչ տեխնիկական ստուգման կարիք են ունենում՝ հաջորդ ճանապարհորդություններին պատրաստ լինելու համար։

Ճանապարհով անցնող սփյուռքահայ այցելուների համար իրավիճակը երբեմն նաև զարմանքի պատճառ է դառնում։ Նրանք դժվարությամբ են պատկերացնում, որ Հայաստանից Թուրքիա տանող այս երթուղու մի հատվածը գտնվում է Վրաստանի տարածքում և ունի միջպետական նշանակություն։

«Մի անգամ լիբանանահայ խմբի էի ուղեկցում։ Նրանք չէին հավատում, որ այդ ճանապարհը միջպետական է։ Շատ դժվարությամբ ենք հաղթահարում ճանապարհի այդ հատվածը», —  պատմում է զբոսավար Սոֆիան։

Ճանապարհները միայն ենթակառուցվածք չեն։ Դրանք նաև երկրի մասին առաջին տպավորության մի մասն են։ Երբ օտարերկրյա քաղաքացին, զբոսաշրջիկը կամ հարևան երկրից ժամանող վարորդն առաջին անգամ անցնում է ճանապարհով, նրա համար դրա վիճակը դառնում է այն միջավայրի մի մասը, որով նա ճանաչում է երկիրը։

Ախալքալաք–Կարծախ ճանապարհի դեպքում այս հարցն առավել զգայուն է, քանի որ այն միջազգային երթևեկության կարևոր ուղղություն է։ Այստեղով անցնում են Հայաստանից Թուրքիա մեկնող մեքենաներ, զբոսաշրջային խմբեր և բեռնատարներ։

Հայաստանից Թուրքիա մեկնող զբոսաշրջային խմբերի ներկայացուցիչների և վարորդների դժգոհությունները ցույց են տալիս, որ խնդիրը վաղուց դուրս է եկել միայն տեղական անհարմարության շրջանակներից։ Այն արդեն վերաբերում է նաև Վրաստանի՝ որպես տարանցիկ և զբոսաշրջային երկրի ընկալմանը։

Վերջերս համացանցում տարածված տեսանյութերից մեկում Հայաստանից Թուրքիա մեկնող երիտասարդների ճանապարհորդությունը նույնպես բարդացել էր մեքենայի տեխնիկական խնդրի պատճառով։ Նման պատմությունները ևս մեկ անգամ ուշադրություն են հրավիրում այն հարցի վրա, թե ինչպիսի պայմաններում են միջազգային ճանապարհորդները ստիպված անցնել այս երթուղով։

Jnews-ը բազմիցս անդրադարձել է Ախալքալաք–Կարծախ ճանապարհի խնդրին։ Նախորդ հարցման ժամանակ համապատասխան կառույցից մեզ հայտնել էին, որ ճանապարհի կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2027 թվականին։

Jnews-ը կրկին դիմել է ճանապարհատրանսպորտային ոլորտի պատասխանատու կառույցի հասարակայնության հետ կապերի ծառայությանը՝ աշխատանքների ընթացքի, ժամկետների և ճանապարհի ամբողջական վերականգնման վերաբերյալ տեղեկություն ստանալու համար։

Պատասխանը ստանալուն պես Jnews-ը կներկայացնի այն ընթերցողներին։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝