Ջավախեթյան փողոցի ասֆալտապատման հիմնական աշխատանքները կիրականացվեն 2023 թվականի գարնանը: Ախալքալաքի քաղաքապետարանից հայտնում են, որ Ճանապարհային վարչության, ասֆալտապատումն իրականացնող ընկերության և Ախալքալաքի ջրամատակարման ընկերության ներկայացուցիչները համաձայնության են եկել: Շուտով կսկսվեն շինարարական աշխատանքները:
Տարիներ ձգձգվող Ջավախեթյանի ասֆալտապատման հարցը բազմիցս է քննարկվել քաղաքապետարանում: Քաղաքապետը նշում է՝ վերջապես կողմերի միջև համաձայնություն կա:
«Անցած շաբաթ եկել էին ճանապարհային վարչության ներկայացուցիչները, նրանց հետ տեղում հարցը քննարկել ենք, տեղում են եղել նաև Ախալքալաքի միավորված ջրամատակարաման ընկերության ներկայացուցիչները, ինչպես նաև “ՋավախԱվտոգզա”-ի ներկայացուցիչները, ընդհանուր հայտարարի եկանք։ Արդեն գործը սկսել են, ավտոկայանի կողմից խողովակների հին սիստեմ կա, հիմա ընթանում է դրանց անջատումը, կային ընտանիքներ, ովքեր չէին համաձայնվել միանալ նոր խողովակաշարին, հիմա այդ աշխատանքներն են ընթանում: Հետագայում անջատման-միացման աշխատանքների ավարտից հետո «ՋավախԱվտոԳզան» հենց այդ հատվածից էլ կսկսի աշխատանքները», – ասում է Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը։
«ՋավախԱվտոԳզա» ընկերության տնօրենի խոսքով, այս տարի կասֆալտապատվի ճանապարհի ընդհամենը 200 մետրը, իսկ մնացածը 2023 թվականին։
«Դեռ չենք որոշել, թե երբ կսկսենք աշխատանքները, դեռ չորոշված հարցեր կան։ Այս տարի աշխատանքները չենք ավարտի, դա բացառվում է, կոյուղին պետք է դեռ նորոգեն, կոյուղագիծը դեռ չեն ավարտել, տեսնենք, թե երբ կավարտվի։ Փողոցն ամբողջությամբ վերանորոգել միևնույն է չենք հասցնի: Այստեղ խոսքը գնում է 200 մետր ճանապարհի մասին, որտեղ սկսել էինք աշխատանքները և կանգնեցրել, մնացածը գարնան կանենք», – ասում է «ՋավախԱվտոԳզա» ընկերության գործադիր տնօրեն Նոդար Ինասարիձեն։
Հիշեցնենք, որ Ախալքալաքի Ջավախեթյան փողոցը 2020 թվականից գտնվում է անբարեկարգ վիճակում։ Այն պետք է ասֆալտապատվեր Ախալցիխե-Ախալքալաք մայրուղու ասֆալտապատման ժամանակ, սակայն պարզվեց, որ այդ փողոցում ջրատար խողովակները հին են, ինչպես նաև կոյուղագիծ չկար։ Կատարվեցին փողոցի ջրագծի և կոյուղագծի անցկացման աշխատանքներ, որից հետո ասֆալտապատման համար Վրաստանի ճանապարհային վարչությունը էլեկտրոնային մրցույթ է հայտարարել, որը հաղթել է «Ջավախ Ավտո Գզա» ընկերությունը։
Այս թեմայով կարդացեք նաև՝
Ջավախեթյան փողոցը հայտնվել է ցեխաջրի մեջ
Կողմերի անհամաձայնության պատճառով տուժում են Ջավախեթյանի բնակիչները
Ջավախեթյան փողոցի ասֆալտապատումը կրկին ձգձգվում է
Շուտով կսկսվեն Ջավախեթյան փողոցի ասֆալտապատման աշխատանքները
Ջավախեթյան փողոցի ասֆալտապատման համար նոր ծրագիր է մշակվել