Արդեն երկար տարիներ է Դադեշ և Սուլդա գյուղերում խմելու ջրի խնդիրը փորձում են լուծել, սակայն դեռ բնակիչները սպասումի մեջ են։ Երկու գյուղի բանկիչներն էլ գաֆիկով են ստանում կամ հարևան գյուղերից են կրում։ Հիմա ավարտին է մոտենում Դիլիֆ գյուղից ջրագիծը վերոնշյալ գյուղեր հասցնելու նախագիծը։ Ըստ Դադեշ գյուղի մասնագետի աշխատանքները կավարտվեն մոտ 10 օրից։
Դադեշ և Սուլդա գյուղի բնակիչները բազմիցս են դիմել ՏԻՄ ներկայացուցիչներին խմելու ջրի խնդիրը լուծելու համար, սակայն հարցը մշտապես ձգձգվում է։ Բնակիչները մշտական սպասումի մեջ են։ Ինչպես Jnews-ի հետ զրույցում նշեց Դադեշ գյուղի մասնագետը մի քանի օրից իրենց գյուղի հիմնախնդիրը վերջնական լուծում կստանա։
«Մեր գյուղում ջրի խնդիրը 99%-ով արդեն լուծված է, դեռ չենք օգտվում այդ գծից, քանի որ դեռ աշխատանքներ են մնացել Սուլդայի գծի վրա։ Մնացել է միայն մի սողնակ (задвижка) տեղադրել, եթե դա էլ արվի, ապա Դադեշը կունենա ջուր, բայց որոշել ենք, որ Սուլդայինն էլ ավարտվի և միասին բացենք։ Ներկա պահին 1000 տ-անոց ջրավազանում օգտագործելու ջուր ունենք»,-հավելեց Էդգար Թումասյանը։
Ըստ Էդգարի՝ այդ ջրագիծը, եթե միացնեն ոչ միայն խմելու ջրով կբավարարի գյուղի բոլոր բնակիչներին, այլև՝ ևս մեկ գյուղի։
«Եթե պոմպը հիմա աշխատում է 60 տոկոս հզորությամբ, մենք կարող ենք այն շատացնել մինչև 100 տոկոս, գումարած դրան 60 տոկոսի դեպքում էլ օրվա մեջ եթե 6-7 ժամ աշխատի, ապա երկու գյուղին էլ կբավականացնի։ Կարելի է ասել՝ մենք հիմա օգտագործում ենք պաշարի 30 տոկոսը»,-ավելացրեց նա։
Նշենք, որ Սուլդա-Դադեշ գյուղերը խմելու ջրով մշտապես ապահովելու շինարարական աշխատանքներն իրականացնում է «MSI Group» ՍՊԸ-ն։ Նախագծի շրջանակներում կառուցվում է ջրավազան, պոմպակայան, վերականգնվում է հիմնական ջրագիծը։ Նախագծի իրականացման համար Ախալքալաքի տեղական բյուջեից հատկացվել է 257 հազար 400 լարի, իսկ Տարածաշրջանային հիմնադրամից՝ 1 միլիոն 033 հազար 795 լարի։ Աշխատանքները սկսվել են 2022 թվականի վերջ։
Այս թեմայով կարող եք նաև կարդալ՝