Դադեշ գյուղի բնակիչները դեռ հույսով սպասում են, որ խմելու ջուրն օրական մի ժամի փոխարեն, շուրջօրյա կունենան։ Գյուղի բարձրունքում կառուցվող նոր ջրավազանի աշխատանքներն ավարտին են մոտենում։  Ախալքալաքի քաղաքապետարանից հայտնում են, որ առաջիկա ամիսներին դադեշցիները մշտական խմելու մաքուր ջուր կունենան։

Սուլդա և Դադեշ գյուղերը մշտական խմելու ջրով ապահովելու շինարարական աշխատանքներն ավարտական փուլում են։ Ծրագիրը կյանքի կոչելու համար Ախալալաքի տեղական բյուջեից հատկացվել 257 հազար 400, իսկ Տարածաշրջանային հիմնադրամից՝  1 մլն 033 հազար 795 լարի։

Դադեշում մարդիկ տարիներ շարունակ բողոքում են, որ խմելու ջուր չունեն, եղածն էլ խմելու համար պիտանի չէ։

Գյուղի որոշ բանկիչներ սնունդ պատրաստելու և խմելու համար օգտագործվող ջուրը մեծ տարրաներով բերում են հարևան գյուղերից։  Բայց նաև կան մարդիկ, ովքեր ստիպված օգտագործում են ժանգագույն ջուրը։

«Մենք Դիլիֆից ենք բերում։ Հիմա մեր հին աղբյուրի ջուրն ենք օգտագործում։ Սարից է գալիս, ժանգի գույն ունի։ Այդ ջրով ենք լողանում, առավոտյան եմ լողացել, բայց գլուխս քոր է գալիս, համ էլ հոտ ունի մեր ջուրը։ Կինս, որ ճաշ է եփում, ջուրը փրփրում է», – ասաց Դադեշ գյուղի բնակիչ Համբարձումը։

Նա տանը ֆիլտր է տեղադրել, որը երկու օրը մեկ պարտադիր այն մաքրում է։

«Այս խնդիրը պապական կա, ինչ հիշում եմ խնդիրն առկա է, փորձում են լուծել այս քնդրռը, բայց դեռ չի ստացվում։ Ասել են, որ նոյեմբերի վերջ ավարտին կհասցնեն, բայց մենք չենք հավատում։ Խողովակաուղին դեռ փոխած չէ, կկարողանա՞ն հասցնել, չգիտեմ։ Գարնանից աշխատում են», – ասաց Դադեշի մեկ այլ բնակիչ Վարշամ Թումասյանը։

Գյուղացիները պնդում են, որ երեխաները հաճախակի են ունենում փորացավ, մարմինների վրա ցան է դուրս

Ախալքալաքի քաղաքապետարանի Ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Արա Մովսիսյանը Jnews-ին ասաց.

«Դադեշի ջրի նախագիծը կավարտվի նոյեմբերին, պետք է ավարտվեր սեպտեմբերին, բայց տարբեր պատճառներով հետաձգվեց։ Ըստ մեր նախագծի ջուրը պետք է նորմալ հոսի։ Այսինքն՝ նախագիծն այն նախագիծը չէ, որ ինքնահոս A կետից B կետ հոսի, ջրամղիչ պոմպերով պետք է հոսի։ Պոմպերը նախատեսված են, որոնք պետք է, որ նորմալ մղեն ջուրը։ Խողովակները սովետական ժամանակների են, հույս ունենք, որ նորմալ վիճակում են։ Մինչև պոմպերը չմիացնեն, ջուրը ավազան չլցվի, ոչինչ չեմ կարող ասել։ Ես մեծ հույս ունեմ, որ ամեն ինչ լավ կընթանա»։

Նշենք, որ Սուլդա-Դադեշ գյուղերը խմելու մշտական ջրով ապահովելու շինարարական աշխատանքներն իրականացնում է “ՄՍԻ գրուպ” ՍՊԸ-ն։ Նախագծի շրջանակներում կառուցվում է ջրավազան, պոմպակայան, ինչպես նաև վերականգնվում է գլխավոր ջրատար խողովակաշարը։

Այս թեմայով կարող եք կարդալ՝

Դադեշում ջրի հույս կա

Սուլդայի և Դադեշի բնակիչները մշտական ջրի սպասումով