Բորժոմի շրջանի Տաբածղուրի գյուղի հարակից տարածքները ներառված են ազգային այգու մեջ, ինչից ելնելով բնակիչները չեն կարող օգտագործել հողատարածքները և արոտավայրերը, նրանք չեն կարող սեփականաշնորհել նաև պապական հողերը և տները։

Տաբածղուրի գյուղի խնդիրները նորահայտ չեն, բայց բավականին շատ են: Դրանց ծանոթանալու համար պետք է հաղթահարել գյուղ տանող ճանապարհ հիշեցնող, սակայն ճանապարհի հետ ոչ մի ընդհանուր եզր չունեցող տարածքը, որը հատկապես ձմռան ամիսներին ընդհանրապես անանցանելի է դառնում։

Գյուղացիները խնդիրների մասին խոսելիս կես կատակ կես լուրջ ասում են՝ «ո՛չ ճանապարհ ունենք, ո՛չ լույս, ոչ էլ հույս, որ ինչ-որ մի բան կունենանք»։

Բնակիչներին չի թույլատրվում արոտավայրերը քաղել, հերկ անել, «կարմիր հող» կոչվող տարածքը, ավազհանքը, լիճը տրվել են վարձակալությամբ և գյուղացիները չեն կարող օգտագործել գյուղի այդ «հարստությունը»: Գյուղացիները շատ են փորձել բողոքել, բայց անօգուտ:

70-ամյա Սարգիս Հակոբյանը այդ մասին խոսելիս ասաց. «Մի առակ կա այս իրավիճակին վերաբերվող՝ «կացինը, որ անտառի ծառերը կտրում է, անտառը բողոքում է, կացինը ասում է՝ ես ինչ անեմ իմ պոչը քեզանից է եղել»։ Մի բան էլ ասեմ գուցե ծիծաղելի հնչի, բայց իրականությունն այն է, որ թուրքերի ոչխարները մեզնից առավել են, նրանք կարմիր գծի տարածքում առանց խնդիր արածում են, իսկ մեզ չի թույլատրվում անգամ քայլել»։

Գյուղամիջով քայլելիս հանդիպեցինք նարդի խաղացող թոշակառուների, ովքեր իմանալով, որ լրագրողներ ենք և հետաքրքրվում ենք գյուղի խնդիրներով, զարմացան ապա   հրավիրեցին և մատնացույց անելով միակ ազատ աթոռը ասացին՝ «Նստեցեք, մեր խնդիրները ոտքի վրա չեք կարող լսել»։

Գուցե նարդիում հաղթող, սակայն գյուղում առաջացած խնդիրներից տանուլ տված Սարգիս Հակոբյանը բավականին ոգևորված և զայրացած ներկայացնում էր իրավիճակը, երբ կարճ ժամանակ չանցած բնակիչները մեկը մյուսին տեղեկացնելով, որ լրագրողներ են եկել գյուղ հավաքվեցին նարդու սեղանի շուրջ ու միաբերան հաստատում էին Սարգիս Հակոբյանի խոսքերը։

«Մենք տարածք ունենք, որը կոչվում է ձիանոց, որտեղ ձիերին և հորթերին ենք կապում, հիմա այդ հողերն էլ է ուրիշը սեփականաշնորհել ու ասում է միայն այս տարի կարող եք կապել ձեր կենդանիներին մյուս տարի չի թողնելու, բա մենք այդքան ձին ու հորթը ու՞ր տանենք, ի՞նչ անենք, ժողովուրդը ինչո՞վ պետք է ապրի, ի՞նչ միջոցներով, ամեն ինչ արգելում են»,- բողոքեց գյուղի բնակիչ Լարվենտ Մուրադյանը։

Բնակիչներին անհանգստացնում է այն փատը, որ Ազգային այգու տարածքը նրանց համար փակ է, սակայն ուրիշները օգտվում են:
«Ամենաշատը Կարմիր գծի խնդիրն է անհանգստացնում, ինչ տարբերություն թուրքերի կովը և ոչխարը կարող են արածել այդ տարածքում, իսկ մեր անասուններին արգելվում է։ Իսկ ով փորձում է բողոքել մի բան էլ ինքն է մեղավոր լինում, մեր օրենքը բոլոր դեպքերում թուրքի կողմից է լինում, ամբողջ գյուղը շրջափակման մեջ է նայեք ձեր շուրջը ինչքան սար եք տեսնում լրիվ թուրքերի բինաներն են, ամեն օր գյուղամիջով գնում գալիս են մարդ չգիտի ո՞ւմ դիմի ի՞նչ անի, իսկ ամենավատն այն է, որ վերջում մենք ենք մեղավոր դուրս գալիս»։

Գյուղի փողոցներում քայլելիս հիմնականում երիտասարդների չէինք հանդիպում, սակայն պատճառը այն չէ, որ լքել են գյուղը, ուղակի գյուղատնտեսական աշխատանքների թեժ ժամանակահատվածն է և նրանք ցերեկային ժամերին դաշտերում են լինում։ Այնուամենայնիվ գյուղացիները իրենց բնակավայրը չեն լքում և Տաբածղուրիում համեմատաբար քիչ են փակ դռները, գուցե ստեղծված իրավիճակից զայրացած բոլորը հայտնեն գյուղը լքելու ցանկություն, սակայն այդ ցանկությանը տեղի չեն տալիս և ամուր գամվելով իրենց հողին պայքարում են ապրելու համար։

«Ես 70 տարի ապրել եմ այս գյուղում և հեռանալու նպատակ առհասարակ չունեմ, չնայաց մնալու և ապրելու պայմաններ ընդհանրապես չկա, բայց թե հեռանամ, ապա միայն Աստծո մոտ կգնամ»,- այս խոսքերով ասելիքը եզրափակեց Սարգիս Հակոբյանը։
13874686_1014567161971885_399334284_n
Ջուլիետա Տոնականյան