Նինոծմինդայի շրջանի Կաթնատու գյուղի միակ և 9-ամյա դպրոցը փակ է: Նոր ուսումնական տարում գյուղի երեխաները երկրորդ հերթափոխով կհաճախեն հարևան՝ Մեծ Խանչալի գյուղի դպրոց, ԿԳ նախարարությունը հասարակական տրանսպորտ կհատկացնի:
Կաթնատու գյուղի դպրոցն ընդամենը 30 աշախկերտ ունի: Աշակերտների ծնողներն անհանգստացած են, որ իրենց երեխաները երկրորդ հերթափոխով են դասի գնալու և տուն են վերադառնալու երեկոյան մինչև 21:00-ն:
«Դպրոց չկա, մերն 9-ամյա է, հետո գնում են՝ կամ Մեծ Խանչալիի, կամ Նինոծմինդայի դպրոցներ, դա էլ ծնողների հաշվին: Մեր գյուղի դպրոցի պատերը տարիներ առաջ ճեքել էր երկրաշարժից, հետո սվաղել էին, բայց այս վերջին երկրաշարժի ժամանակ մեծ ճեղքեր են առաջացել: Հիմա ասում են, նոր դպրոց կկառուցեն, էլի 9-ամյա, թե երբ կկառուցեն, չեմ կարող ասել», – ասում է Կաթնատու գյուղի բնակիչ Արամայիս Խաչատրյանը։
Լուսանկարում՝ Նինոծմինդայի շրջանի Կաթնատու գյուղի դպրոցն է
Մեծ Խանչալի գյուղը Կաթնատուից 3 կմ հեռավորության վրա է գտնվում։ Արդեն տարիներ շարունակ Կաթնատույից Խանչալի են հաճախում 9-րդ դասարանից բարձր աշակերտները։ Կան այնպիսի ծնողներ, ովքեր իրենց երեխաներին ուղարկում են Նինոծմինդա քաղաքի դպրոցներ: Թե Մեծ Խանչալի գյուղի, թե Նինոծմինդա քաղաքի դպրոցներ աշակերտները հասնում են սեփական միջոցներով: Պետությունը բոլորովին վերջերս՝ մայիս ամսին է տրանսպորտ հատկացրել, քանի որ գյուղի դպրոցը վթարային վիճակում է գտնվում: Բանն այն է, որ մայիսին Սամեբայում գրանցված ուժգին երկրաշարժն ավելի է խորացրել դպրոցի շենքի պատերի ճեղքվածքները:
«Երեխան, որ դպրոց չգնա, դա ինչ է, հիմա մենք պետք է պայման ստեղծենք, առաջին դասարանի երեխան հեռախոսով, առցանց մի ժամ դաս են անում, դա բավարար չէ նորմալ կրթություն ստանալու համար։ 21-րդ դարում, ի՞նչ է՝ մեր երեխաները անգրագետ են մնալու, ասեք ինչ անենք, ամեն ծնող էլ հնարավորություն չունի, որ ամեն օր սեփական միջոցներով երեխային Նինոծմինդա տանի ու հետ բերի», – ասում է երկու դպրոցահասակ երեխայի ծնողներից մեկը։
Կաթնատու գյուղի բնակիչները բոլոր խնդիրներն անտեսում են, կարևորություն տալով կրթությանը, բարձրաձայնում են միայն դպրոցի հարցը:
Տարիներ շարունակ նորմալ դպրոց ունենալու ցանկությամբ գյուղացիները առաջարկել են, որ գյուղի կենտրոնում նոր դպրոց կառուցվի, քանի որ ներկայիս շենքը ծայրամասում է գտնվում: Իսկ ձմռանն այնտեղ հասնելը դժվար է, քանի որ Կաթնատու գյուղում ձմեռը խիստ է, մեկ մետրից ավելի ձյուն է նստում։
«Ձմռանն այդ ճանապարհով անգամ տրակտորները չեն կարող անցնել, գյուղի մի ծայրամասից մյուսն ինչպես է հասնելու փոքր երեխան, մի կերպ ծնողները են տանում», – ասում է Սամվել Խաչատրյանը:
Հիմա երեխաները ևս մեկ խնդրի են բախվում: Երկու գյուղի դեռահասները ժամանակ առ ժամանակ վիճում են: Կաթնատու գյուղի բնակիչների խոսքերով, հիմնական պատճառն այն է, որ Խանչալիի երեխաները Կաթնատույի երեխաներին ասում են, որ իրենցից լավ չպետք է սովորեն, իրենց իսկ դպրոցում։
«Մենք կողմ ենք, որ եթե պետությունը չի կարող կառուցել, ծնողներն էլ օգնեն: Մեր գյուղից փոքր գյուղեր էլ կան, նորմալ վերանորոգված 12-ամյա դպրոց ունեն», – ասում է Կաթնատույի բնակիչը:
Լուսանկարում՝ հեռվից երևում է գյուղի ծայրամասում գտնվող դպրոցը
Վթարային վիճակում գտնվող դպրոցում անցած տարի եվրոպական չափանիշներին համապատասխան սանհանգույց են կառուցել: Շուրջ 58 000 լարի է ծախսվել սանհանգույցների նորոգման համար:
Լուսանկարում՝ դասասենյակներից մեկի փլվող առաստաղն է
JNEWS-ի տեղեկությունների համաձայն՝ գյուղի կենտրոնում նոր դպրոց կառուցելու համար դիմում է ներկայացվել ԿԳ նախարարություն։ Դեռ պետք է կատարվեն տարածքի ուսումնասիրման աշխատանքներ: Սակայն Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանի խոսքով, Կաթնատու գյուղում նոր դպրոց կառուցելու վերաբերյալ քաղաքապետարան դեռ ոչ մի փաստաթուղթ չի ներկայացվել։