Ախալքալաքի մունիցիպալիտետի Սուլդա և Դադեշ գյուղերի բնակիչները տարիներ շարունակ խմելու ջրի խնդիր ունեն։ Այս գյուղերը խմելու ջրով ապահովելու նախագիծն իրականացման վերջնական փուլում է։ Բայց ինչպես տեղեկացանք քաղաքապետարանից, հնարավոր է 2023 թվականին ջուրը նշված գյուղեր չհասնի։
Երկու գյուղերի գյուղապետներն էլ՝ Զարզանդ Կուջոյանը և Էդգար Թումասյանը նշեցին, որ աշխատանքներն ընթացքի մեջ են։
«Մենք տեղում եղել ենք, տեսել ենք, շինարարությունն ընթացքի մեջ է, էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիր կա։ Ներկա դրությամբ ևս աշխատանքներ են տարվում», – նշեցին գյուղապետները։
Սակայն նրանք հստակ չկարողացան ասել՝ այս տարի ջուրը կհասնի գյուղ, թե ոչ։ Կապ հաստատեցինք Ախալքալաքի քաղաքապետարանի Ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Արա Մովսիսյանի հետ, նա մեզ ասաց.
«Շինարարությունը համարյա ավարտվել է, մնացել է մանր-մունր գործեր։ Բայց մենք ընթացքում հողատարծքի հետ կապված խնդիր ունեցանք։ Մունիցիպալիտետը պետք է գներ հողատարածքը, այդ հարցը լուծվեց, գումարը փոխանցված է, հիմա սպասում ենքէներգոբաշխիչ ընկերությանը, որպեսզի այնտեղ հասցնեն եռաֆազ էլեկտրական հոսանք։ Այդ պատճառով էլ մնացած փոքր գործերը չենք կարող ավարտին հասցնել։ Եթե ձմռանը էլեկտականությունը լինի, կարծում եմ, այս տարի մնացած գործերը կտեղափոխվեն մյուս տարի»։
Արա Մովսիսյանի խոսքով, եթե էլեկտրականություն լինի և ձմռանը ջուրը բացեն, և եթե ինչ-որ բան նորմալ չընթանա, ջրագծի հետ խնդիրներ լինի, հնարավոր է պոմպերը սառեն։
«Չենք ուզում ռիսկի դիմել, մյուս տարի տաք եղանակին մնացած աշխատանքները կանենք և ջուրը կմիացնենք», – հավելեց Արան։
Նշենք, որ Սուլդա և Դադեշ գյուղերը խմելու ջրով ապահովելու ծրագիրն իրականացվում է երկու փուլով, որի համար 2022 թվականի տեղական բյուջեից հատկացվել է 257 400 լարի, իսկ 2023 թվականին՝ 1.033.795 լարի տարածաշրջանային հիմնադրամից։
Նշված գյուղերի բնակիչները շատ անգամ են ներկայացրել իրենց խնդիրը ՏԻՄ մարմիններին։ Թե Դադեշում, թե Սուլդայում խմելու ջուրը գրաֆիկով է, օրվա մեջ մեկ ժամ են տալիս։ Այդ ջուրն էլ ինչպես բնակիչներն են ասում՝ օգտագործման համար պիտանի չէ, բայց ով հնարավորություն չունի այլ գյուղերից ջուր բերելու, ստիպված այդ ջուրն է խմում։ Գյուղացիները հույս ունեն, որ այս նախագիծը վերջնական կլուծի իրենց գյուղի հիմնական և գլխավոր խնդիրը։
Այս թեմայով կարող եք կարդալ նաև՝
Սուլդայի և Դադեշի բնակիչները մշտական ջրի սպասումով
Սուլդայում բնակիչները մնացել են առանց խմելու ջրի
Սուլդացիներին ջուրը դեռ օրով են տալիս, բայց նրանք հույսները չեն կորցնում
Սուլդացիները խմելու ջուր կունենան. տեղական իշխանությունը կլուծի խնդիրը
Սուլդա գյուղում ջուրը դեռ ժամով է
Դադեշում մարդիկ դեռ խմելու նորմալ ջուր չունեն