Վրաստանի Միացյալ ջրամատակարարման Ախալքալաքի սպասարկման կենտրոնը տեղական իշխանությունների և իրավապահ մարմինների հետ միասին փորձում է պայքարել, որ գյուղերում դաշտերը ջրելու համար խմելու ջրի խողովակները չծակեն, սակայն գյուղացիներն այլ ելք չունեն:

Սկսվել է կարտոֆիլի ոռոգման սեզոնը: Գյուղերում, որտեղ ոռոգման համակարգ չկա, ստիպված են դաշտերը ջրել խմելու ջրով: Արդյունքում, Ախալքալաքի շատ բնակիչներ ցերեկը ջուր չեն ունենում, իսկ գիշերը շատ քիչ է գալիս, կենցաղային տեխնիկան և ջեռուցման համակարգերը չեն աշխատում:

Միացյալ ջրամատակարարման Ախալքալաքի սպասարկման կենտրոնը վերջերս Ախալքալաքի բնակիչներից շատ բողոքներ է ստացել, որ իրենց տներում ջուր չկա:

Այդ պատճառով Միացյալ ջրամատակարարման աշխատակիցները ոստիկանության և քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ հուլիսի 31-ին և օգոստոսի 1-ին գնացին Խուլգումո և Կուլիկամ գյուղեր, որտեղ իրենց տեղեկությունների համաձայն, գյուղացիները դաշտերի ոռոգման համար օգտագործում են խմելու ջուր: Նրանք գնացին դաշտեր, զրուցեցին գյուղացիների հետ:

Արտակ Թառլամազյանի խոսքերով, բնակիչները չեն ընդունում, որ խմելու ջուրն են օգտագործում, ասում են, որ ջրում են ջրանցքից:
«Բայց այդ խողովակներից է ջուրը հոսում դեպի ջրանցքները: Պարզապես բոլորը գտնվում են բակերում, փակված են բարձր ցանկապատներով, չի երևում և չենք կարող ապացուցել: Երեկվա խոսակցություններից հետո ոմանք խոստացան փակել: Իմ կարծիքով լուրջ փոփոխությունների չպետք է սպասել, միևնույնն է ջրելու են: Կտեսնենք ինչ կարելի է անել, հաջորդ տարի մենք կփորձենք այս խնդիրը մի կերպ լուծել », – ասում է Արտակ Թառլամազյանը:

Ըստ նրա, խմելու ջուրն ոռոգման համար օգտագործելու համակարգը կատարելագործվել է:
«Նրանք իրենց բակերում կանալներ են սարքել, ջուրը թողնում են դրանց մեջ և այնտեղից գծերով ջրում են: Իսկ նախկինում ծակում էին հիմնական գծերն ու այնտեղից ջրում: Այժմ էլ են ծակում, բայց ոչ այդքան, մենք ընդամենը 5-ն ենք գտել »,- ասում է Արտակ Թառլամազյանը:

Կուլիկամ գյուղի բնակչուհին, ով դաշտում սպասում էր իր հերթին, բողոքեց, որ ամբողջ բերքը չորացել է, անձրև չկա, ուստի ստիպված են գիշերը հերթ կանգնել ջրելու համար:

«Ինչ անենք, չջրենք ինչ է: Գուցե և ծակում են խողովակները, բայց այլ ելք չկա: Ես հասկանում եմ, որ քաղաքացիներին ջուր է պետք, բայց ինչ անեն գյուղացիները: Թող քաղաքացիները մեկ ամիս համբերեն, գիշերը ջուր առնեն, թող մի շաբաթ ցնցուղ չնդունեն: 4 օր արևի տակ եմ և արդեն նյարդերից սիրտս չի դիմանում և չեմ կարողանում ջրել դաշտերը», – բողոքում է կինը, ով հրաժարվեց ներկայանալ:

Խուլգումո գյուղից Գիգոլյան Պետրոսն արդեն ջրում է իր դաշտերը:
«Եկան ստուգեցին, բայց ոչինչ չգտան: Մենք դաշտերը ջրում ենք ջրանցքներից հոսող ջրով: Ջուրը հոսում է Աբլարից, բայց խմելու ջուրը չի: Գիշերն ենք ոռոգում, իսկ քաղաքայինները գիշերը հո ջուր չեն օգտագործում, դա նրանց չի խանգարում: Դե, թող մի ամիս դիմանան: Մենք գիշերը չենք քնում և դաշտերն ենք ջրում, բայց ինչ անենք, չենք կարող թույլ տալ, որ բերքը փչանա », – ասում է Գիգոլյան Պետրոսը:

Արտակ Թառլամազյանի խոսքերով, նրանք ստուգել են գիծը, հասել են ջրանցքի սկիզբ և տեսել, որ միացման կետերում խողովակները տեղաշարժած է, և ջուրն այդտեղից լցվում է ջրանցքները:

Մեկ այլ կին, ով ջրելու իր հերթին էր սպասում, ասաց, որ վերջին ժամանակներն Աբլարից հոսող ջուրը նվազել է այն պատճառով, որ շատ գյուղեր Աբլարին են միացել և այդտեղից են խմելու ջուր ստանում:

Ըստ Արտակ Թառլամազյանի, բոլոր գյուղերում ասում են, որ ուզում են ոռոգման համակարգ ունենալ և չօգտվել խմելու ջրից:

Շուշան Շիրինյան