Ձմռան ցրտին Սուլդա և Դադեշ գյուղերի բնակիչները խմելու ջուրը հարևան գյուղերից են կրում: Եթե նախկինում ջուրը գրաֆիկով էին տալիս, ապա հիմա սառնամանիքների պատճառով ընդհանրապես ջուր չկա:
Ախալքալաքի շրջանի Սուլդա գյուղի բնակիչներն իրենց գյուղը չեն հիշում առանց ջրի խնդրի։ Եթե նախկինում ջուրը գրաֆիկով՝ երկու օրը մեկ էին տալիս, ապա հունվարից ընդհանրապես ջուր չկա, խողովակները սառել են:
Գյուղացիները համընդհանուր ուժերով մի քանի օրում կարողացել են հալեցնել խողովակները, սակայն ջրատարի սկզբնաղբյուրին մոտ դեռ սառած է։ Խնդիր է առաջացել նաև փականների հետ:
«Հալեցրել ենք, վերանորոգել, փորձում ենք այնպես անել, որ այն բավականացնի գյուղին։ Հիմա էլ փականների հետ կապված խնդիր կա: Ջրի փականն է շարքից դուրս եկել, դիմել էինք ջրի հիմնարկին և նրանք շատ արագ փական տրամադրեցին, վաղն արդեն կփոխենք։ Ընդհանրապես խնդիրները շատ են, այս տարի ավելի շատ էր եղանակի պատճառով», — ասաց Սուլդա գյուղի մասնագետ Զարզանդ Կուջոյանը:
Սուլդա գյուղում հույս ունեն մյուս տարի այլևս ջրի խնդիր չեն ունենա: Դիլիֆ գյուղից նոր ջրագիծ է կառուցվում, որն ամբողջ գյուղին անխափան ջուր կմատակարարի: Տենդերն արդեն կայացել է, աշխատանքների կեսը կատարված են և մինչև տարեվերջ գյուղը խմելու ջուր կունենա:
Սուլդան ջուր է ստանում չորս տարբեր վայրերից: Հիմա ջուրը գյուղ է հասնում Կաթնատու գյուղից, որը միացնում են երկու օրը մեկ, երկու ժամով:
Այդ ջուրը բնակիչները միայն կենցաղում են օգտագործում, իսկ խմելու ջուրը հարևան գյուղերից են կրում։
Նույն խնդրի առջև է կանգնած նաև Դադեշ գյուղը, նրանք նույնպես մի քանի օր է ջուր չունեին։ Գտել են այլընտանքային ուղի, հիմա գյուղում ջուր կա, բայց սուլդացիների նման գրաֆիկով են ստանում:
«Քանի որ երկու ջրագիծ ունենք, մեկը մեր սարից է գալիս, մյուսը՝ Կաթնատու գյուղից, որոշեցինք և ջրագծի վնասված հատվածները նորոգելուց հետո, երկու գծերն իրար միացրինք, հիմա օրական 80 տոննա ջուր ունենք», — ասաց Դադեշ գյուղի մասնագետ Էդգար Թումասյանը։
Մի օր Դադեշ գյուղի կեսն է ջուր ստանում, մյուս օրը՝ մյուս կեսը:
Խմելու ջրի հարցը «լուծվել է», հիմա էլ անասունների ջուրն է սառել:
Կարդացեք նաև՝
Սուլդայում բնակիչները մնացել են առանց խմելու ջրի
Սուլդացիներին ջուրը դեռ օրով են տալիս, բայց նրանք հույսները չեն կորցնում
Սուլդայում խմելու ջուրը գրաֆիկով է
Սուլդայում ջուրը գալիս է 4 օրը մեկ՝ 2 ժամով
Այս գյուղում գազ ու ջուր չունենալու պատճառով չեն ամուսնանում
Լուսանկարը՝ Jnews-ի արխիվից