Տարեցտարի չլուծվող Դադեշ գյուղի խնդիրը՝ ջրի բացակայությունը, գյուղացիների համար դեռ արդիական է։ Այս խնդիրը գյուղում առկա է ԽՍՀՄ փլուզումից հետո, Դադեշում ջուրը տրվում է ժամանակացույցով, և բնակիչները դեռ հույս ունեն, որ շուտով ականատես կլինեն երկարամյա խնդրի լուծմանը։
Ինչպես Jnews-ը գրել էր ավելի վաղ՝ Սուլդա-Դադեշ գյուղերի ջրամատակարարման աշխատանքները պետք է ավարտվեին 2023 թվականի նոյեմբերին, սակայն այն դեռ շարունակվում է։ Դադեշ գյուղում մինչ օրս օգտագործում են իրենց աղբյուրի ջուրը, որը գալիս է գրաֆիկով՝ մի օր գյուղի մի հատվածում, հաջորդ օրը՝ մյուս հատվածում։ Այս ջուրը նույնպես, ըստ բնակիչների, պիտանի չէ խմելու համար, այն պղտոր է և նստվածք է թողնում։
«Ես ծնվել եմ, այս խնդիրն արդեն կար։ Ամեն անգամ ընտրությունների ժամանակ մի բան անում են։ Հիմա հույս ունենք, որ շուտով ջուր կստանանք»,- ասում է գյուղի բնակիչներից մեկը։
Գյուղի կանայք միաբերան պնդում են, որ աղբյուրից ջուրը, որը տրվում է ժամանակացույցով, խմելու և ճաշ պատրաստելու համար պիտանի չէ, սակայն իրենք ստիպված են օգտագործել այն։
«Եթե սա չօգտագործենք, ապա ո՞րն օգտագործենք»,- ասում է գյուղի բնակիչներից մեկը։
«Չե՞ք տեսնում, որ ամենուր գազ կա, իսկ մեզ մոտ՝ ոչ։ Մեր գյուղի մասին ոչ ոք չի մտածում: Ընտրությունների ժամանակ միշտ խոստանում են, բայց հետո մոռանում են»,- ասում է մեկ այլ բնակիչ։
Նրանց խոսքով, կան տներ, որոնց գրաֆիկով ջուրն անգամ չի հասնում՝ նրանք ջուրը կրում են հարևաններից։
Ինչպես Jnews-ի հետ զրույցում նշեց Ախալքալաքի մունիցիպալիտրետի Ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Արա Մովսիսյանը, աշխատանքները չեն ավարտվել 2023 թվականի նոյեմբերին, քանի որ մունիցիպալիտրետը պետք է գներ այն հողը, որտեղ գտնվում է պոմպակայանը՝ այնտեղ էլեկտրաէներգիա անցկացնելու համար։
«Այնտեղ, որտեղ պոմպակայանը կառուցվել է, հողը մերը չի եղել, մունիցիպալիտրետը գնել է հողն ու անվանափոխել իր վրա, առանց դրա չէին կարող էլեկտրականություն անցկացնել։ Դա շատ ժամանակ պահանջեց»,- պատասխանեց Մովսիսյանը:
Նրա խոսքով, այս փուլում աշխատանքների ավարտը կապված է էլեկտրաէներգիայի բաշխիչ ընկերության հետ։
«Սա կապված է էլեկտրաէներգիայի հետ, մենք ունենք բոլոր թույլտվությունները, մնացել է վերջին թուղթը, սպասում ենք Թբիլիսիից պատասխանի։ Շինարարական աշխատանքները հիմնականում ավարտված են, բայց պոմպերը միացնելու համար պետք է հոսանք անցկացվի, հետո պոմպերը միացնելուց հետո տեսնել, թե ուրիշ ինչ աշխատանքներ կան։ Հենց էլեկտրականությունը վերջնականապես անցկացվի, կմնա մեկ ամսվա աշխատանք՝ ոչ ավելի»,- մեկնաբանեց Արա Մովսիսյանը։
Սուլդա-Դադեշ գյուղերին խմելու ջրով մշտապես ապահովելու շինարարական աշխատանքներն իրականացնում է «MSI Group» ՍՊԸ-ն։ Նախագծի շրջանակներում կառուցվում է ջրավազան, պոմպակայան, վերականգնվում է հիմնական ջրագիծը։ Նախագծի իրականացման համար Ախալքալաքի տեղական բյուջեից հատկացվել է 257 հազար 400 լարի, իսկ Շրջանային հիմնադրամից՝ 1 միլիոն 033 հազար 795 լարի։ Աշխատանքները սկսվել են 2022 թվականի վերջին։