21-րդ դարում, երբ թվում է, թե տեղաշարժման խնդիրը պետք է, որ հեշտացած լիներ, Ախալքալաքի շատ գյուղերում մարդիկ դեռ շարունակում են ապրել առանց հասարակական տրանսպորտի առկայության: Ճիշտ է, որոշ գյուղերից գոնե մեկ անգամ վաղ առավոտյան դեպի քաղաք երթևեկող տրանսպորտ կա, բայց ժամերի անհարմարության պատճառով շատերը չեն կարողանում օգտվել դրանից:

Ախալքալաքի մունիցիպալիտետի Օրջա գյուղից Հայկանուշ Բասենցյանը դպրոցն ավարտելուց հետո որոշել է հմտանալ վարսահարդարության մեջ։ Նրա ընկերները ևս, որոնք փորձում են այլ ոլորտներում մասնագիտանալ, սակայն գյուղից քաղաք հասնելն ու դասերին մասնակցելը բարդ է եղել, քանի որ տրանսպորտի խնդիր կա։

«Ամեն օր շատ բարդ է տրանսպորտի հարց կարգավորել։ Այո, մեր գյուղով անցնում է հանրային տրանսպորտ, բայց այնքան վաղ է գնում և հետ գալիս, որ հնարավոր չէր տեղավորվել այդ ժամանակի մեջ, օրեր են եղել, որ տրանսպորտի պատճառով ստիպված եմ եղել ուշանալ, կամ ընդհանրապես դասի չգնալ», – պատմում է Հայկանուշը:

Նա ցանկանում է նաև աշխատել, սակայն հնարավորություն չկա ամեն օր քաղաք գնալ։ Ասում է՝ եթե հանրային տրանսպորտ լիներ, ապա կկարողանար իր երազանքն իրականացնել: Հայկանուշը ճիշտ ժամանակին դասի հասնելու համար հաճախ իր ընկերների հետ տաքսի ծառայություններից է օգտվում, երբեմն ծնողներն են տանում, բայց գյուղում աշխատանքի «սեզոնին» դա անհնար է եղել:

«Շատ ուրախ կլինեի, որ գոնե տարբեր ժամերի տրանսպորտ լիներ։ Կարծում եմ, մեծ օգուտ կլինի երիտասարդների համար, ովքեր ցանկանում են քաղաքում ինչ-որ բանի մասնակցել։ Շատ բարդ է ամեն օր տրանսպորտի հարց լուծել, որը նաև ֆինանսական բարդությունների հետ է կապված», – նշում է Հայկանուշ Բասենցյանը:

Այսպիսով՝ տրանսպորտի բացակայության կամ մասնակից առկայության պայմաններում երիտասարդները ստիպված են լինում բախվել բազում դժվարությունների, մասնագիտանալու կամ աշխատելու ցանկություն շատերն ունեն, սակայն հնարավորություն՝ ոչ բոլորը:

Կարդացեք նաև՝