Անցյալ շաբաթ Ախալցիխեն ստացել է 18 նոր մարդատար ավտոբուս, որոնք կսպասարկեն մունիցիպալիտետի քաղաքներն ու գյուղերը, մինչդեռ Ախալքալաքի մունիցիպալիտետում հասարակական տրանսպորտի խնդիրը դեռևս օդում կախված է, չնայած տեղական իշխանությունները ընդունում են դրա անհրաժեշտությունը։
Փետրվարի 16-ին Ախալցիխեի մունիցիպալիտետը շահագործման է հանձնել 18 ավտոբուս, որոնցից երեքը կսպասարկեն քաղաքը, մնացածը՝ գյուղերը։ Մունիցիպալիտետը վարորդների 70 հաստիքի թափուր աշխատատեղ է հայտարարել, որոնց աշխատավարձը կկազմի 800 լարի։ EURO 5 տիպի ավտոբուսները նախատեսված են 47 ուղևորի համար և հարմարեցված սահմանափակ կարողություն ունեցող անձանց համար։ Ախալցիխեի մունիցիպալիտետը շուտով շահագործման կհանձնի նաև այս ավտոբուսների համար նախատեսված կայանատեղին։
Մունիցիպալիտետն ավտոբուսները ձեռք է բերել ծրագրի շրջանակներում, որի նպատակն է վերականգնել և հետագայում զարգացնել մունիցիպալ տրանսպորտը, ծրագիրն իրականացվում է ինչպես կենտրոնական, այնպես էլ տեղական բյուջեի միջոցներով։ Այս ծրագրի շրջանակներում 38 մունիցիպալիտետների համար գնվել է 154 8 մետրանոց «Isuzu» մակնիշի ավտոբուս։ Ախալցիխեի մունիցիպալիտետն ավտոբուսներ ձեռք բերելու համար կծախսի 6 մլն լարի, տեղական իշխանությունները պատրաստվում են այդ գումարը մարել աստիճանաբար՝ երեք տարվա ընթացքում։
Ախալցիխեի մունիցիպալիտետը տրանսպորտի վերականգնման գործընթացը սկսել է 2021 թվականի հուլիսի 2-ից, ամեն ինչ սկսվեց նրանից, որ «ТI– Georgia»-ն դիմեց Սակրեբուլոյին՝ 500 տեղի բնակիչների կողմից ստորագրված խնդրագրով՝ այս հարցը լուծելու խնդրանքով։ Իսկ արդեն 2022 թվականի հոկտեմբերի 27-ին տեղի իշխանությունները հանդիպման ժամանակ խոստացան, որ 2023 թվականին քաղաքում կգործի մունիցիպալ տրանսպորտ։
Եթե Ախալցիխեի համեմատաբար փոքր մունիցիպալիտետում, որտեղ բնակչությունը 2018 թվականի դրությամբ 39,375 մարդ է, իսկ բնակավայրերը 47-ն են, հասարակական տրանսպորտի մասին սկսել են մտածել դեռ 2017 թվականին, ապա Ախալքալաքի մունիցիպալիտետում, որտեղ ապրում է 42,949 մարդ և կա 65 բնակավայր, այս խնդրի մասին պաշտոնապես սկսել են խոսել անցյալ տարի։ Չնայած այն հանգամանքին, որ և՛ Ախալցիխեի, և՛ Ախալքալաքի մունիցիպալիտետներում խնդրագիր է ներկայացվել գյուղերում և քաղաքում մունիցիպալ հասարակական տրանսպորտի ցանց ստեղծելու խնդրանքով։ Ախալքալաքի մունիցիպալիտետում քննարկումների ժամանակ օրենսդիր իշխանությունը դժվարությամբ համոզեց գործադիր իշխանությանը բյուջեում ներառել գյուղերից եկող տրանսպորտի գոնե փորձնական գիծը։ Թեև այս կետը բյուջեում այդպես էլ չներառվեց։
Գործադիր իշխանությունը խոստանում է, որ մեկ գիծ, այնուամենայնիվ՝ կլինի, բայց չի թաքցնում համոզմունքը, որ հասարակական տրանսպորտի խնդիրը արդիական է, և հետագայում միջոցներ կուղղվեն հասարակական տրանսպորտի խնդրին, և այս հարցը կլինի կարևորների շարքում։ Արդյունքում մունիցիպալիտետը կգնի ընդամենը մեկ երթուղային տաքսի՝ ընդամենը մեկ գիծ սպասարկելու համար, որը ենթադրաբար կներառի 15 գյուղ։ Գյուղերում հասարակական տրանսպորտ չկա, սակայն կան մասնավոր գծեր, որոնք շարժվում են ըստ ցանկության, առավոտյան մասնավոր տրանսպորտը հասնում է Ախալքալաք և հետ է վերադառնում ցերեկվա ժամը մեկին, ինչը բոլորովին անհարմար է բնակիչների համար, ովքեր պետք է հասցնեն առավոտյան հասնել քաղաք և կեսօրից հետո վերադառնալ: Մունիցիպալիտետը չի ապահովում արտադպրոցական ուսումնական հաստատություններով (երաժշտական դպրոց, արվեստի դպրոց և այլն), մարզական և այլ հաստատություններով գյուղերին, իսկ գյուղերից տրանսպորտի բարդ գրաֆիկի պատճառով բնակիչները չեն կարող օգտվել քաղաքի տարբեր հաստատությունների ծառայություններից։
Ընդհանուր առմամբ՝ տրանսպորտն Ախալքալաքից, լինի դա դեպի գյուղեր, թե Թբիլիսի, ոլորտը չի վերահսկողվում, և ոչ ոքի չի հետաքրքրում կամ չի ցանկանում պայմանները դեպի լավը փոխել, կամ, ինչպես Ախալցիխեի և այլ մունիցիպալիտետների դեպքում, «վերականգնել/զարգացնել» հասարակական տրանսպորտը։ Դեռևս 2021 թվականի սեպտեմբերին Ախալքալաքի մունիցիպալիտետը երեք դեղին «Isuzu» մակնիշի ավտոբուս է ստացել։ Ախալքալաքի մունիցիպալիտետն իր հին ավտոբուսները ստացել է Թբիլիսիի քաղաքապետարանից։ Դրանք սկզբում անսարք են եղել և այդպես էլ ժանգոտվել են՝ երբևէ չերթևեկելով Ախալքալաքի ճանապարհներով: