Ջավախքի լրատվական կենտրոնը 14 աշխատանքային օր անց պատասխան չի ստացել սեպտեմբերի 2-ին քաղաքապետարան ուղարկված հարցադիմումին` կապված Չամդուրա (Չամձռվալա) գյուղի մոտակայքում անտառային գոտին վարձակալելու վերաբերյալ տեղեկատվության հետ: Վրաստանի օրենսդրության համաձայն՝ Ախալքալաքի քաղաքապետարանը պետք է հարցադիմումին պատասխանի այն ուղարկելու օրվանից ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում:
Սեպտեմբերի 1-ին Չամդուրա գյուղի բնակիչները հավաքվել էին ցույցի, որի հիմնական պատճառը Կարծախ տանող ճանապարհի հարակից հողատարածքն էր: Գյուղի մերձակայքում անտառային գոտին հատվել էր և վերածվել վարելահողերի, այնուհետև վարձակալության տրվել Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի պատգամավոր Անդրանիկ Մուրադյանի բարեկամուհուն:
JNEWS-ը հարցադիմումն ուղարկել է Ախալքալաքի քաղաքապետարան ցույցի երկրորդ օրը, այսինքն` սեպտեմբերի 2-ին: Հարցադիմումը ներառում էր հետևյալ հարցերը.
. ինչի՞ հիման վրա է վարձակալվել այս հողամասը,
. ո՞ւմ և ի՞նչ պայմաններում է փոխանցվել անտառային գոտու վարձավճարը,
. որքա՞ն է վարձավճարը,
. վճարվել է արդյո՞ք վարձավճարը, որքան ժամանակում և որտեղ (տեղական թե՞ կենտրոնական բյուջե),
. անտառային գոտու որքա՞ն տարածությունն է վարձակալվել:
Վրաստանի «Ընդհանուր վարչական օրենսգրքի» 40-րդ հոդվածը սահմանում է.
Հոդված 40 (1). Հանրային հաստատությունը պարտավոր է տրամադրել հանրային տեղեկատվություն, ներառյալ էլեկտրոնային եղանակով պահանջվող հանրային տեղեկատվությունը, անհապաղ կամ ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում, եթե հանրային տեղեկատվության հարցման պատասխանը պահանջում է.
ա) այլ բնակավայրում կամ այլ հանրային հաստատությունում գտնվող իր կառուցվածքային ստորաբաժանումում առկա տեղեկատվության որոնում և մշակում.
բ) զգալի քանակով առանձին փաստաթղթերի որոնում և մշակում, որոնք իրար հետ կապված չեն,
գ) խորհրդակցություններ իր կառուցվածքային ստորաբաժանման հետ, որը գտնվում է մեկ այլ բնակավայրում կամ այլ հասարակական հաստատությունում:
Հոդված 40 (2). Եթե հանրային տեղեկատվության հրապարակման համար պահանջվում է 10-օրյա ժամկետ, ապա հանրային հաստատությունը պարտավոր է այդ մասին տեղեկացնել դիմողին հարցման պահին:
Հոդված 40 (3). Հանրային տեղեկատվության նախաձեռնող հրապարակումը չի ազատում հանրային հաստատությանը նույն կամ այլ հանրային տեղեկատվության պահանջի դեպքում այն սահմանված կարգով տրամադրելու պարտավորությունից:
Սակայն, JNEWS–ը Ախալքալաքի քաղաքապետարանից ոչ ծանուցում, ոչ էլ պատասխան չի ստացել, չնայած այն հանգամանքին, որ խմբագրությունը բազմիցս դիմել է ինչպես անմիջապես Ախալքալաքի քաղաքապետին, այնպես էլ քաղաքապետարանի աշխատակազմին, մասնավորապես էկոնոմիկայի վարչությանը՝ թե անձամբ, և թե հեռախոսազանգի միջոցով:
Ստորև ծանոթացեք անտառային գոտու վարձակալության վերաբերյալ նյութերին.
Պատգամավորի պատասխանը Չամդուրա գյուղի բնակիչների հայտարարություններին
Չամդուրայի բնակիչները պատգամավորին մեղադրում են հողամասի ապօրինի յուրացման մեջ