Ախալքալաքի շրջանի Ղադոլար գյուղի բնակիչները բողոքում են, որ հարևան գյուղերի բնակիչների անբարեխղճության և ջրամատակարարման համակարգի վրա հսկողության բացակայության հետևանքով, իրենց գյուղում ջրի պակասություն է զգացվում:
Ախալքալաքի շրջանի Ղադոլար գյուղի բնակիչները իրենք իրենց ուժերով, Բեժանո գյուղից անցկացրել են 6-7 կմ երկարությամբ ջրախողովակ, սակայն գյուղը նորից ջրի կարիք ունի:
Ղադոլար գյուղի բնակիչ՝ Վազգեն Սարգսյանը դժգոհում է, որ ամեն տարի ջրախողովակը վերանորոգում են, բայց քանի որ համապատասխան մարմինների կողմից հսկողություն չկա, գյուղը նորից առանց ջրի է:
«Ջուրը կտրում են Բեժանո, Կաջո գյուղի բնակիչները, ինչի հետևանքով այն մեզ չի հասնում: Բողոքել ենք քաղաքում, բայց տեր կանգնող չկա: Խմելու ջուրը օգտագործում են ոռոգման համար: Ձմեռն էլ ջուրը սառում է: Ղեկավարությունը պիտի հսկի, որ ջրախողովակը չջարդեն, որպեսզի բոլորին էլ ջուրը հասնի: Կարող է ինչ-որ մեկը խողովակը ծակի ու ջուրը իր հողերը կապի»,- ասում է Վազգեն Սարգսյանը:
Ղադոլար գյուղում աղբյուր չկա, որտեղից հնարավոր լիներ ջուր կրել: Բնակիչների խոսքերով, նրանք ջուրը մեքենաներով հարևան գյուղից են բերում:
Ղադոլար գյուղի բնակիչ՝ Արթուր Դավթյանը ասում է, որ իրենց գյուղը բազմաթիվ հիմնախնդիրներ ունի, սակայն հիմնական խնդիրը դա ջրի բացակայությունն է:
«Արդեն հոգնել ենք այլ տեղերից մեքենաներով ջուր կրելուց: Հոգնել ենք արդեն նույնիսկ դրա մասին ասելուց: Մենք ինչքան ջուր կրենք, որ հերիքի: Մենք ջուր ունենում ենք միայն գարնան ամիսներին, երբ ձնհալը սկսվում է: Ջրամբարն էլ կարգին չի կառուցված, ամեն տեղից ջուրը դուրս է տալիս»,- դժգոհում է Արթուր Դավթյանը:
Անդրուշ Ղազարյանը նույնպես դժգոհ է ջրամբարի վիճակից:
«Ջրախողովակը մենք փոխել ենք, բայց հսկողություն չկա և ով ինչ ուզում անում է: Ջարդում են, ծակում են: Կարող է ինչ-որ մեկը գա ու սատկած կենդանի գցի ջրամբարի մեջ ու ոչ մեկն էլ չի իմանա: Տեր չկա, իսկ մենք էլ այդ ջուրը կարող է խմենք ու ոչինչ էլ չկասկածենք»,- ասում է Անդրուշ Ղազարյանը:
Ախալքալաքի շրջանը համարվում է Վրաստանի ջրային ռեսուրսներով հարուստ շրջաններից, սակայն մինչ այսօր շրջանի գյուղերում հիմնական խնդիրը մնում է ջրի բացակայությունը: Ինչն է պատճառը, որ շրջանի բնակիչները հավասարապես չեն օգտվում այդ ռեսուրսներից: Մեկին շատ է հասնում, իսկ մյուսին ընդհանրապես չի հասնում…
Շուշան Շիրինյան