Չնայած այն հանգամանքին, որ անցյալ տարի Ախալքալաքի քաղաքապետարանը խոստացել էր դիտարկել Ախալցիխեի մունիցիպալիտետի նման քաղաքային հասարակական տրանսպորտի ստեղծման տարբերակները, այդ կետը չի ներառվել 2024 թվականի բյուջեում։ Քաղաքապետարանից, սակայն, դեռ խոստանում են լուծել տվյալ հարցը, սակայն թե երբ եւ ինչ ճանապարհով, դեռ հայտնի չէ։
Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունը, Եվրամիության ֆինանսավորմամբ, հայտարարել է շրջանների, այդ թվում՝ Սամցխե-Ջավախքի ենթակառուցվածքների զարգացման դրամաշնորհային մրցույթ։ Հունիսի 11-ին Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետի առաջին տեղակալ Թեյմուրազ Մճեդլիձեն Ախալքալաքի հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ քննարկել է նախագծային գաղափարները, որոնք կարող են առաջարկվել այս մրցույթի շրջանակներում։ Ի թիվս այլ գաղափարների, առաջարկվել է ավտոբուսներ գնել՝ քաղաքային տրանսպորտային ցանց ստեղծելու համար։
Մունիցիպալ տրանսպորտի խնդիրը հատկապես սրվում է խոպանի (արտագնա աշխատանքի) սեզոնին, երբ բնակչության արական մասը մեկնում է արտագնա աշխատանքի, իսկ տաքսի ծառայությունները բավականին թանկ են։ Օրինակ, Կարծախ գյուղից մինչև Ախալքալաք քաղաք և հակառակ ուղղությամբ արժե 30 լարի, ինչը միշտ չէ, որ մատչելի է տեղի բնակիչների համար, ովքեր անընդհատ խոսում են հասարակական տրանսպորտի բացակայության մասին։
Ախալքալաքի քաղաքապետը տրանսպորտի թեմայով նախորդ հարցազրույցում ասել էր, որ այս հարցը կարող է լուծվել, չնայած այն հանգամանքին, որ բյուջեի ծախսերը դրա համար միջոցներ չեն նախատեսում։ Քաղաքապետարանից պնդում են, որ խոստումը կկատարվի 2024 թվականի ընթացքում բյուջեի փոփոխությունների կամ դրամաշնորհի միջոցով համաֆինանսավորման հնարավորության արդյունքում։
Մնացական Փամբուխչյանի խոսքով՝ թեև կոնկրետ որոշում չկա, բայց այս հարցը քննարկվում է.
«Մենք կարող ենք ավտոբուս գնել, բայց այս պահին հնարավորություն կա նախագծերի միջոցով ավտոբուս գնել։ Եթե մենք մասնակցենք նախագծային մրցույթների և կարողանանք նախագծով ավտոբուս գնել, ապա ավտոբուսը մեր միջոցներով չենք գնի։ Բայց եթե չկարողանանք, ուրեմն մեր միջոցներով կգնենք այն»,- ասում է Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի տնտեսական զարգացման և ունեցվածքի ծառայության պետ Մնացական Փամբուխչյանը։
Հիշեցնենք, որ 2023 թվականի մայիսի 17-ին «Բաց սահմաններ» (Jnews) կազմակերպության երիտասարդական խմբի կողմից խնդրագիր էր ներկայացվել Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլո: Խնդրագիրը քաղաքում և մունիցիպալիտետի գյուղերում քաղաքային տրանսպորտի ցանց ստեղծելու վերաբերյալ էր։
Սակրեբուլոյում պատգամավորները ըմբռնումով ընդունեցին, որ, իրապես, մունիցիպալիտետը հասարակական տրանսպորտի կարիք ունի, և հավանություն տվեցին մունիցիպալ տրանսպորտի ցանց ստեղծելու գաղափարին։ Սակրեբուլոյի բյուրոն հավանություն է տվել խնդրագրի գաղափարին և փաստաթուղթն ուղարկել քաղաքապետարան՝ խնդրի լուծման հնարավոր ուղիներ մշակելու համար։ Քաղաքապետարանում ըմբռնումով են ընդունել այդ միտքը, բայց նաև դրա դեմ բազմաթիվ փաստարկներ են ունեցել, այդ թվում՝ մունիցիպալիտետն ունի շատ ավելի կարևոր խնդիրներ՝ ճանապարհի, խմելու ջրի բացակայություն, և առավել եւս, որ հնարավոր չի լինելու ապահովել տրանսպորտը միանգամից բոլոր գյուղերում, ինչն իր հերթին կառաջացնի բնակչության դժգոհությունը։ Սակայն, ի վերջո, որոշում կայացվեց 200 հազար լարի հատկացնել տրանսպորտի մեկ միավոր գնելու և մեկ երթուղի գործարկելու համար, որպեսզի տեսնենք, թե ինչ արդյունք կտա: Եթե գիծն իրեն չարդարացնի, տրանսպորտը կօգտագործվի մունիցիպալիտետի այլ նպատակների համար:
Դրանից հետո Jnews-ը հետևողական էր այս հարցում և քաղաքապետարանից պարբերաբար հարցնում էր, թե արդյոք հանրային տրանսպորտի ապահովման հարցը ներառվելու է 2024 թվականի բյուջեում, ինչին դրական պատասխան էր ստանում։ Եվ սրանից հետո Jnews-ը հետևողական կլինի այս հարցում, քանի որ հասարակական տրանսպորտի բացակայությունը բարդացնում է շրջանի գյուղական բնակչության կյանքը։