ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանի մուտքը Վրաստան հունիսի 6-ին վրացի սահմանապահներն արգելել են, փոխանցելով մի թուղթ, որի համաձայն նրա մուտքը Վրաստան «աննպատակահարմար» է: Մելքոնյանը գրեթե վստահ է, արգելքի պատճառն իր հաճախակի այցերն է Ախալքալաք:
«Ես գրեթե համոզված եմ, որ իմ մուտքի արգելքի պատճառը վերջին շրջանում հաճախակի այցերս էր Ախալքալաք: Եղբայրս շատ ծանր հիվանդացավ և մահացավ, հետո թաղումն էր, քառասունքն էր, եղբորս ծննդյան օրն էր մայիսի 24-ին: Ամեն շաբաթ և կիրակի օրերին այցելում էի նրան: Մի անգամ սահմանին ինձ հարցրեցին, թե ինչու եմ հաճախակի գնում գալիս»,- Jnews-ի հետ հեռախոսազրույցում ասաց Աշոտ Մելքոնյանը:
Ինչպես տեղեկացնում են Վրաստանի ՆԳՆ-ից Աշոտ Մելքոնյանին Վրաստան չեն թողել, նրա համար, որ «Նա չի տվել կամ սխալ տեղեկություն է տվել իր անձի և ճամփորդության պատճառների մասին»:
«Հայաստանի քաղաքացուն, ով Թուրքիայից Վրաստան է մտել Կարծախի մաքսային անցակետով, մերժել են մնալ Վրաստանում` «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մասին» օրենքի 11-րդ հոդվածի «թ» ենթակետով: Սակայն տվյալ քաղաքացին տրանզիտով հատել է Վրաստանի սահմանը և նույն օրը վերադարձել է Հայաստան», – գրում է Ներքին գործերի նախարարությունը:
Իսկ 11-րդ հոդվածի «թ» ենթակետը ենթադրում է՝ «Թաքցնել կամ սխալ տեղեկություն ներկայացնել իր անձի և ճամփորդության նպատակների մասին»:
Ակադեմիկոս, Հայաստանի Պատմության ազգային ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը ծնունդով Ախալքալաքից է: Նա սովորել է Ախալքալաք քաղաքի Դերենիկ Դեմիրճյանի անվան դպրոցում: Այնուհետև կրթությունը շարունակել է Երևանում, խորացել է գիտության մեջ և մնացել այնտեղ: Բազմաթիվ գիտահետազոտական աշխատանքների հեղինակ է: Իսկ հայ-վրացական հարաբերություններում Աշոտ Մելքոնյանը հայտնի է, որպես բարեկամական հարաբերությունների զարգացման ջատագով: