Այսօր՝ նոյեմբերի 18-ին, առավոտյան Ախալքալաքում հայտնվել են փողոցային լուսավորության նոր լապտերներ, որոնք պետք է ավելի լավ լուսավորություն ապահովեն մթության մեջ։ Առայժմ դրանք ընդամենը 4-ն են, դրանք տեղակայված են կենտրոնական հրապարակում, սակայն ապագայում նախատեսվում է լապտերների թիվն ավելացնել։

Չորս նոր լապտերներ են հայտնվել Մաշտոցի հրապարակում: Դրանք տեղադրվել են Ախալքալաքի սպասարկման կենտրոնի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ։

«Մենք փորձնական կարգով ենք տեղադրել, իսկ հետագայում ուզում ենք մինչև քաղաքի հիվանդանոց տեղադրել, որ ավելի լուսավոր դառնա և մարդկանց համար տեսանելի լինի: Դա քաղաքապետարանը կորոշի, նրանք պետք է գնեն, իսկ մենք՝ փոխենք: Այս լապտերներով գիշերը կլինի նույն լուսավորությունը, ինչ ցերեկը»,- մեկնաբանեց Ախալքալաքի Սպասարկման կենտրոնի տնօրեն Մխիթար Ռստակյանը։

Ինչպես նշել են Ախալքալաքի քաղաքապետարանում, գլխավոր փողոցի երկայնքով (Ազատության, Աղմաշենեբելի փող.) մնացած լապտերները հավանաբար կտեղադրվեն 2025 թվականին։

«Այժմյան լապտերները 50-60 Վտ են, իսկ սրանք՝ 150 Վտ, ավելի հզոր են, ավելի լավ լուսավորություն են տալիս: Դրանք նաև ավելի խնայող են»,- մեկնաբանեց քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայության պետ Արա Մովսիսյանը։

Ախալքալաքի փողոցների լուսավորությունը թույլ է, իսկ գիշերը փողոցներում տեսանելիությունը շատ վատ է: Դեռևս դժվար է գնահատել, թե նոր լապտերները որքանով կպայծառացնեն փողոցները, քանի որ կենտրոնում միայն 4 լապտերները ամբողջապես չեն փոխում լուսավորությունը։