Հասարակական միջքաղաքային տրանսպորտի անկազմակերպ վիճակը երկար տարիներ է անհարմարություն է պատճառում ոչ միայն Ախալքալաքի մունիցիպալիտետի, այլ նաև մյուս մունիցիպալիտետների բնակիչներին։ Տարիներ շարունակ առկա խնդիրը լուծում չի ստանում, մինչդեռ վարորդները այն համարում են մասնավոր բիզնես, երբ ցանկանում աշխատում են, երբ չեն ուզում չեն աշխատում։

Ախալքալաքից Թբիլիսի հասարարական տրանսպորտը երթևեկում է օրը երեք անգամ։ Առավոտյան ժամը 07։00-ին, 09։00-ին և կեսօրին՝ 15։00-ին Ախալքալաքի ավտոկայանից։ Իսկ հակառակ ուղղությամբ՝ Դիդուբեից առավոտյան ժամը 08։00-ին, կեսօրին՝ 13։00-ին և երեկոյան՝ 17։00-ին։

Առավոտյան ժամը 07։00-ի տրանսպորտը գրեթե միշտ գնում է, քանի որ բնակիչները հիմնականում շուտ են գնում, որպեսզի բոլոր գործերը հասցեն և հետ վերադառնան։ Ինչ վերաբերում է ժամը 09։00-ին և 15։00-ին, ապա մեծ հարց է, այդ ժամին տրանսպորտը կշարժվի՞։ Հիմնականում, երբ ուղևորները քիչ են լինում, վարորդներն են որոշում կայացնում՝ շարժվել, թե ոչ։ Նրանց համար նշանակություն չունի այդ անձը հանդիպման է, թռիչքից է ուշանում, թե բժշկի հետ պայմանավորվածություն ունի։

Մեր զրուցակիցներից մեկը պատմում է վերջերս իր հետ կատարվածը։ Ցանկացել է Թբիլիսիից գալ Ախալքալաք, արդեն ժամը 17։00-ի Ախալքալաք շարժվող տրանսպորտ չի եղել, ստիպված սկսել է փնտրել այլընտրանք։ «Դիդուբե» ավտոկայանի աշխատակիցներն ասել են, որ ելք կգտնեն։

«Ասացին տրանսպորտ կլինի, որով կհասնեք մինչև Ախալցիխե։ Համաձայնվեցինք, որովհետև ուրիշ ելք չունեինք։ Մի մարշրուտկա բերեցին, երբ տեղավորվեցինք, մի քանի հոգի դուրսը մնացին և այդ ժամանակ ասացին, որ ևս մեկը կբերեն, բայց մինչ այդ մեզ ասել էին, որ սա վերջին մարշրուտկան է։ Ինչևէ, տեղավորվեցինք, մեծ մասը պետք է Բորժոմիում իջնեին։ Սկսեցինք վճարել, ինձանից վերցրեցին 15 լարի, նույն գումարը նաև ուզեցին այն մարդկանցից, ովքեր պետք է իջնեին Բորժոմի։ Բնականաբար, նրանք շատ բարկացան»։

Այն մարդիկ, որոնցից ուզել են 15 լարի մինչև Բորժոմի հասցնելու համար նախընտրել են ավելի շատ վճարել ու տաքսիով գնալ, քան նրանց վճարել 15 լարի և տրանսպորտով հասնել Բորժոմի։ Բանն այն է, որ Թբիլիսիից մինչև Բորժոմի տոմսի արժեքը 12 լարի է։ Այսինքն, այդ դեպքում մարդկանց համար այդքան էլ կարևոր չի եղել գումարը, այլ այն, որ իրենց խաբել են։

Երկրոդ կարևոր բանն այն է, որ տրանսպորտային միջոցները շատ անհարմարավետ են, և կեղտոտ։ Իսկ ձմռանը նաև ցուրտ է տրանսպորտի մեջ։

Jnews-ը վերջերս նաև տեսանյութ է ստացել, որտեղ երևում է, որ մարդատար մեքենայի մեջ պարկեր ու պայուսակներ են դարսված, ինչի պատճառով մարդիկ չեն կարողանում անարգել հասնել նստատեղերին և սեղմված են նստում։

Ուսանողներն ընդհանրապես այլընտրանք չունեն։ Ամեն դեպքում նրանք պետք է գնան, որպեսզի հասնեն դասերին։ Մտածելով, որ մի քանի ժամ է, կդիմանան։

Իրականում այս խնդիրը տարիներ շարունակ չի լուծվում և չի վերահսկվում։ Քաղաքացուն անհրաժեշտ է առավոտյան ժամը 09։00-ին գնալ Թբիլիսի, բայց վարորդը չի գնում, քանի որ այդպես է ուզում, իրեն “ձեռք չի տալիս” մի ուղևորով հասնել  Թբիլիսի, չնայած այն հանգամանքին, որ ճանապարհին Թբիլիսի, կամ այլ քաղաքներ գանցող շատ մարդիկ են սպասում տրանսպորտի։

Արդյո՞ք լուծում կստանա տարիներ շարունակ վարորդների “մասնավոր բիզնեսի” քաոսը, ոչ ոք չի կաորղ ասել, քանի որ Վրաստանում հանրային տրանսպորտը կենտրոնացված կառավարում չունի: Ավտոկայանը մի վայր է, որտեղ յուրաքանչյուր վարորդ կարող է տարածք ուզել և կանգնել իր ավտոմեքենայով և գիծ բացել։ Ավտոկայան կարող է բացել յուրաքանչյուր ցանկացող, եթե ունի համապատասխան տարածք։ Տրանսպորտի նախարարությունը չի վերահսկում շրջանների երթուղայինների աշխատանքը:

Վրաստանի «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտում անհատ ձեռներեցը կամ իրավաբանական անձը գործունեության այդ իրավունքը հաստատող փաստաթղթի հիման վրա կարող է սկսել աշախատել, եթե ունի թույլտվություն: