Արդեն երկու տարի է Ախալքալաքի ճանապարհներին էլ ավելի են նկատելի դարձել տարբեր երկրների պետհամարանիշներով բեռնատարները։ Երկիրը դրանից ստանում է եկամուտ, սակայն Ախալքալաքի ճանապարհները պատրաստ չէին նմանատիպ երթևեկության համար՝ ճանապարհները քանդված են և շատ նեղ, ինչի հետևանքով էլ հաճախ են լինում վթարներ։
2022 թվականի մայիս ամսից դեպի վրաց-թուրքական անցակետ տանող Ախալքալաք-Կարծախ ավտոճանապարհին հաճախ են կուտակվում բեռնատարներ: Եղել է, որ Jnews-ը նկարահանել է մոտ 800 բեռնատարից կազմված հերթ: Այդ հերթերը կուտակվում են ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Վրաստանում տարանցիկ բեռնատարների հոսքի կտրուկ աճից։
Այդ պայմաններում Վրաստանում աճեց նաև տարանցիկ ճանապարհի վճարը: Եթե մինչև 2022 թվականի հունիսի 20-ը տարանցիկ բեռնատարների վարորդները, կամ փոխադրող ընկերությունները վճարում էին 200 լարի, դրանից հետո սկսեցին վճարել՝ 350 լարի։ Սակայն Ախալքալաքում տարանցիկ փոխադրումների ճանապարհային պայմանները բարելավելու փոխարեն շատ ավելի վատթարացան:
Jnews-ը բազում անգամներ է անդրադարձել այս խնդրին։ Հաճախ Ախալքալաք մտնելիս, Շոթայի տակ այսպես կոչված հատվածում, ինչպես նաև Ախալքալաք-Արագվա մայրուղու վրա Խուլգումո գյուղի շրջադարձին թեթև մարդատար մեքենաները զիջում են բեռնատարներին վթարային իրավիճակ չստեղծելու համար: Այս հատվածներում շրջադարձները շատ կտրուկ են, իսկ երթևեկելի մասը շատ նեղ:
Այս խնդիրը երկար տարիներ է չի լուծվում, վարորդների մոտ առաջացնելով մեծ դժգոհություն։ Ախալքալաքի մունիցիպալիտետում, ինչպես հենց իրենք վարորդներն են նշում և ինչպես վթարների թիվն է ցույց տալիս, ոչ մի ճանապարհահատված, որտեղ շրջադարձ է կատարվում, չի համապատասխանում չափանիշներին։
2024 թվականի տարեսկզբին, հունվարի 4-ին, տարին սկսվեց թուրքական պետհամարանիշերով բեռնատարի վթարով։ Բեռնատարի վարորդը, չկարողանալով շրջադարձ կատարել Ախալքալաքի մուտքի մոտ, կողաշրջվել և ընկել է գետը, վարորդը տեղում մահացել էր։
Միջազգային նշանակության ճանապարհները Վրաստանի ճանապարհային վարչության իրավասության ներքո են: Տեղական իշխանությունը տեսնում է ճանապարհների այս վիճակը, սակայն չի կարող ինչ որ բան ինքնուրույն փոխել:
Jnews-ը հեռախոսազրույց ունեցավ Վրաստանի ճանապարհային վարչության պետի տեղակալ Պավլե Գամկղրելիձեի հետ այս թեմայով, նա ասաց՝
«Դուք գիտեք, որ Ախալքալաքի մուտքի այդ հատվածի ճանապարհը վերանորոգվել է, այդ թվում նաև Ախալքալաք-Նինոծմինդա ճանապարհը, հենց եղանակային պայմանները թույլ տան, մենք պետք է շրջենք ճանապարհներով։ Պետք է իրականացնենք ճանապարհների նկարագրություն, և եթե որևիցե մի տեղ պետք լինի ուղղել, կամ ինչ որ ճանապարհահատվածում շառավիղն ուղղելու կամ ավելացնելու հարց լինի, այդ ամենը մեր մասնագետները կնայեն և խնդիրը կլուծվի։ Անկեղծ ասած, մինչ հիմա Ձեր նշած խնդրը չի ներկայացվել Վարչությանը և համապատասխանաբար այդ հարցը կուսումնասիրվի և, անհրաժեշտության դեպքում, անպայման քայլեր կձեռնարկվի»։
Այս թեմայով նաև կարող եք կարդալ՝