Վաչիան-Կարծախ առանց այդ էլ նեղ մայրուղին «միակողմանի» է դարձել։ Պատճառն այն է, որ արդեն երկու տարի է տարբեր երկրների պետհամարանիշներով բեռնատարերի շարասյունը շաբաթներով կանգնած է ճանապարհին, արդյունքում տվյալ հատվածը դարձել է դժվարանցանելի։
Վաչիան գյուղի սկզբից սկսվում է բեռնատարների շարասյունը։ Ռուսական, ուկրաինական, կազախական, թուրքական, ադրբեջանական, բելառուսական և այլ երկրների բեռնատարները խոչընդոտում են անվտանգ երթևեկությանը։
Այս ճանապարհով երթևեկելիս վարորդը պետք է շատ ուշադիր ու դանդաղ վարի, քանի որ անգամ շրջադարձի վրա կարող է բեռնատար հայտնվել ու փակել վարորդի տեսադաշտը, ինչը կարող է վթարի պատճառ դառնալ։ Վարորդները պարտադիր պետք է զիջեն մեկը մյուսին, իսկ եթե հայտնվեն բեռնատարի հետևում, ապա մինչև վերջ պետք է այդպես երթևեկեն, քանի որ հնարավոր չէ վազանց անել։
Վաչիան-Կարծախ մայրուղու ամբողջ երկյանքով աղբ է։ Բեռնատարների վարորդներն աղբը թափում են ուր պատահի։ Անցած տարի գյուղերի բնակիչներն ընդհանուր ուժերով մաքրել էին ճանապարհը, իսկ 2023 թվականի ապրիլին Ախալքալաքի սպասարկման կենտրոնի աշխատակիցները։
Սակայն հիմա այդտեղով անցնելիս տպավորություն է, որ տարիներով աղբահանություն չի իրականացվել․ ամենուր շշեր են, ուտելիքի մնացորդներ, պոլիէթիլենային տոպրակներ և այլն։
Չնայած այն հանգամանքին, որ Սուլդա գյուղի մոտ բեռնատարների համար կայանատեղի կա, սակայն այն բավական տարածք չունի, որպեսզի բոլոր բեռնատարները տեղավորվեն։ Այս պահին երկու նոր ավտոկայանատեղի է կառուցում, մեկը՝ Կարծախ գյուղի ելքին, մյուսը՝ մուտքին, ինչը փոքր-ինչ հուսադրող է, որ բեռնատարների շարասյունը կկրճատվի։
Այս ամենին գումարվել է նաև ճանապարհի անբարեկարգ վիճակը։ «Արալի» ընկերությունն է վերանորոգում Կարծախի անցակետից մինչև գյուղի ավարտն ընկած ճանապարհահատվածը։ Հիմա ընթանում են վերանորոգման աշխատանքները։
Վրաստանի մաքսային ծառայության տվյալներով` 2022 թվականին երկրի տարածքով անցնող հոսքը ավելացել է 12%, թուրքական ուղղությամբ` 16, Ադրբեջանի ուղղությամբ` 20%-ով։
Վրաստանի բոլոր մաքսակետերը երթևեկության կտրուկ աճի պատճառով անցել են աշխատանքի արտակարգ ռեժիմի: Միաժամանակ բոլոր անցակետերում ավելացվել են մաքսային աշխատակիցների թիվը, որպեսզի կարողանան անխափան և շուրջօրյա իրականացնել մաքսային հսկողության ընթացակարգերը:
Վրաց-թուրքական սահմանի «Կարծախի» անցակետը բացվել է 2015 թվականին: Թուրքական կողմից գործում է «Աքթաշ-Չըլդըր» մաքսակետը: Թուրքիայի և Վրաստանի միջև ևս երկու սահմանային անցակետ կա՝ Սարփի անցակետը, որը Սև ծովի ափով կապում է Բաթումն ու Արդվինը, մյուսը՝ Վալեի անցակետը, որը կապում է Ախալցիխեն ու Արդահանը, Կարծախը երրորդ անցակետն է:
Այս թեմայով կարող եք կարդալ նաև՝
Մոտ 800 բեռնատար է կուտակվել Վաչիան-Կարծախ ճանապարհին (Video)
Բեռնատարների շարասյունը Վաչիան-Կարծախ ճանապարհին խաթարում է բնականոն երթևեկությունը
Աղբանոցի է վերածվել Ախալքալաք-Կարծախ մայրուղու հարակից տարածքը
Աղբ՝ Ախալքալաքից Կարծախ տանող ճանապարհին
Ախալքալաք-Կարծախ ավտոճանապարհի աղբը մաքրվում է
Սկսվել է Կարծախ-Թուրքիա ճանապարհի վերականգնման աշխատանքները