Ախալքալաքի բյուջեից լրացուցիչ 15 000 լարի է հատկացվել ռեգբիի մարզային «Տաո» ակումբին։ Չնայած այս տարի տեղական բյուջեով ակումբի համար արդեն հատկացվել է 55 հազար լարի։

2023 թվականի հուլիսի 12-ին Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյում Սամցխե-Ջավախքի մարզային ռեգբիի «Տաո» ակումբի նախագահ Իրակլի Կվենտաձեն ակումբի յոթ տարվա ֆինանսավորման ընթացքում առաջին անգամ հաշվետվություն է ներկայացրել Ախալքալաքի մունիցիպալիտետին։ Նա խոսքը տարել է նրան, որ ակումբի ծախսերն ավելացել են, և որպեսզի մարզային ակումբն ավելի լավ արդյունքների հասնի, պետք է լավ խաղացողներ վարձեն, ինչի համար անհրաժեշտ է ավելացնել մունիցիպալիտետների ֆինանսավորումը։ Այն ժամանակ ախալքալաքցի ոչ մի խաղացող չկար «Տաո»-ի թիմերում, ակումբի գործունեությունն անտեսանելի էր և այդ ժամանակ քննադատվում էր սակրեբուլոյի պատգամավորների կողմից։ Սակայն, վերջնարդյունքում, Սակրեբուլոն հաստատել է ոչ միայն բյուջեով հատկացված 55 000 լարին, այլև հավելյալ 15 000 լարին։

«Մենք նրանց լրացուցիչ հատկացրինք 15 000 լարի, այս գումարն ամենափոքրն էր շրջանի մասշտաբներում։ Լրացուցիչ ֆինանսներ հատկացվեցին, քանի որ նրանք մեզ դիմեցին և ցույց տվեցին, որ իրենց ծախսերն ավելացել են։ Այն բանից հետո, երբ նրանք հաշվետվություն ներկայացրին սակրեբուլոյին, մենք տեսանք, որ «Տաո»-ն սկսել է ավելի շատ աշխատել տեղում: Մի քանի անգամ եկել են, հայտնի ռեգբիստների են բերել երեխաների հետ հանդիպման, այսինքն՝ սկսել են ռեգբին ճանաչելի դարձնել մեր քաղաքում»,- մեկնաբանեց Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը։

«Տաո»-ի հաշվետվությունից հետո 2023 թվականի ամռանն Ախալքալաքում ռեգբիի երկու փառատոն է անցկացվել, ևս մեկը, ըստ Ախալքալաքի մարզադպրոցի տեղեկությունների, պետք է կայանա այս տարվա գարնանը։ Ախալքալաքի բնակիչ Գրիգոր Թումասյանը ևս ընդգրկվել է մարզային «Տաո» թիմի երիտասարդական կազմում։

«Սամցխե-Ջավախքի Տաո ռեգբիի ակումբ» շահույթ չհետապնդող իրավաբանական անձը հիմնվել է 2016 թվականին մունիցիպալիտետների կողմից, հենց այդ ժամանակ էլ ստեղծվել է ռեգբիի բազայի բյուջետային ֆինանսավորման սխեման։ 2016 թվականին Ախալքալաքի մունիցիպալիտետը դեռ չէր ֆինանսավորում ակումբը, սակայն հաջորդ երկու տարիներին ակումբն Ախալքալաքի մունիցիպալիտետի բյուջեից ստացել է 40 000 լարի, իսկ դրանից հետո՝ 2019 թվականից սկսած ամեն տարի՝ 55 000 լարի։ Այս տարի լրացուցիչ ֆինանսավորումից հետո գումարը կազմել է 70 000 լարի։ Ընդհանուր առմամբ, 2017 թվականից մինչ օրս մարզային «Տաո» ակումբն Ախալքալաքի բյուջեից ստացել է 425 հազար լարի։

«Միջազգային թափանցիկություն-Վրաստան» TI կազմակերպությունն իր 2021 թվականի ուսումնասիրության մեջ նշել է, որ «2012-2013 թվականներին «Քարթու» հիմնադրամն Ասպինձայում կազմակերպել է ռեգբիի բազա, որը պատկանում է «Ռեգբիի աջակցության դաշինք Р-15» ՍՊԸ-ին»: Այս ՍՊԸ-ի երկու հիմնադիրներն էլ «Աջակցություն ռեգբիի լիգան» (20%) և «ATU ասոցիացիան» (80%) անմիջական առնչություն ունեն Բիձինա Իվանիշվիլիի և «Վրացական երազանք» կուսակցության հետ։