Ախալքալաքում Աղմաշենեբելի-Ազատության ուղեբաժանքի վերականգնված Ջիվանու պուրակում նախագծով փայտե շինություն է կառուցվել, շինարարները ներքին հարդարման աշխատանքներն են ավարտին հասցնում։ Բնակիչներին հետաքրքրում է, թե ինչի համար է ծառայելու այս շինությունը։
Ջիվանու զբոսայգին, որը դեռևս վերակառուցման փուլում է, արդեն սիրելի է դարձել տեղի բնակիչների շրջանում։ Բնակիչներին հետաքրքրում է, թե նախկին «Մնդո» սրճարանի տեղում (ինչպես տեղացիներն են անվանում) տեղակայված փայտե շինությունն ինչի համար է նախատեսված։ Շինությունն արդեն ապահովված է ջրով և էլեկտրականությամբ։ Ախալքալաքի քաղաքապետի խոսքով՝ դեռ հայտնի չէ, թե ինչպես է այն շահագործվելու, բայց ի սկզբանե հայտնի է, որ այն ժառայելու է բնակչությանը։
«Այս տարածքի հետ կապված դեռ որոշում չի կայացվել: Կա՛մ աճուրդ կանենք, կա՛մ օրենքով կհրավիրենք անկախ աուդիտ, որն իր գինը կսահմանի, այն ավելի ուշ կփոխանցենք սակրեբուլոյին՝ սակրեբուլոյի համաձայնությամբ կհանենք աճուրդի: Կլինի սրճարան: Այն կառուցվել և նախատեսված է որպես սրճարան: Կլինի ընտանեկան սրճարան՝ առանց ալկոհոլի»,- ասում է Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը։