Երեկ՝ հուլիսի 12-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյում, Սամցխե-Ջավախքի «TAO» տարածաշրջանային ռեգբիի ակումբի նախագահ Իրակլի Կվենթաձեն պատմեց ակումբի մասին, թե ինչ է արվել, ինչ է ծրագրվում և ինչ հեռանկարներ կան։
Սամցխե-Ջավախքի ռեգբիի տարածաշրջանային «TAO» ակումբը ստեղծվել է 2016թ.-ին: Ակումբը պատկանում է շրջանի բոլոր վեց մունիցիպալիտետին, այդ թվում՝ Ախալքալաքին։ Ախալքալաքի մունիցիպալիտետն ամեն տարի գումար է փոխանցում ակումբին։ Վերջին երկու տարում հատկացվել է 55 000-ական լարի։
Այս տարի, գոյության յոթ տարիների ընթացքում առաջին անգամ, ակումբի նախագահը հաշվետվությամբ է հանդես եկել Ախալքալաքի մունիցիպալիտետի առջև։
Ակումբն ունի 5 մանկական, 2 պատանեկան թիմ և 1 պրոֆեսիոնալ թիմ, որը պայքարում է Վրաստանի բարձրագույն լիգա մտնելու համար։
Ակումբի նախագահ Իրակլի Կվենթաձեն պատմեց ոչ միայն ակումբի ձեռքբերումների, այլև այն մասին, որ նրանք օգնում են կարիքավորներին և խնդիրներ ունեցող երեխաներին։ Թեպետ պարզվեց, որ գոյության 7 տարվա ընթացքում, ակումբն, Ախալքալաքի մունիցիպալիտետում, ոչ մի ընտանիքի կամ երեխայի չի օգնել։ Բացի այդ, ոչ մի թիմում Ախալքալաքից խաղացողներ չկան։
Ռեգբի մարզաձևը սովորեցվում է Սամցխե-Ջավախքի շրջանի 12 դպրոցում, որոնցից 4-ը Ախալքալաքի մունիցիպալիտետի դպրոցներում՝ Ախալքալաքի թիվ 1 հանրային դպրոցում (Հովհաննես Թումանյանի անվ.), Ախալքալաքի թիվ 3 վրացական դպրոցում, Չունչխա և Պտենա գյուղերի դպրոցներում։
Պատգամավորները զեկույցը լսելուց հետո բազմաթիվ հարցեր ուղղեցին Ախալքալաքում ռեգբիի զարգացման վերաբերյալ։ Նրանք դժգոհ էին Ախալքալաքում ռեգբիի զարգացումից և նշեցին, որ Ախալքալաքը «տեսանելի չէ» ռեգբիի շրջանային ակումբում։
Պատգամավորներն առաջին անգամ էին լսում, որ մունիցիպալիտետի 4 դպրոցում ռեգբի են պարապում:
Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանն ասաց, որ իրենք մունիցիպալիտետում արդյունք չեն տեսնում։
«Մենք ուզում ենք, որ մեր երիտասարդությունը լինի խելացի, առողջ, ուզում ենք ավելի շատ արդյունքներ գրանցվեն Ախալքալաքում, մենք գումար ենք ծախսում և ուզում ենք արդյունքը տեսնել: Ես ուզում եմ ակումբում տեսնել ախալքալաքցիների»,- ասաց Նաիրի Իրիցյանը։
Բոլոր պատգամավորները նշեցին, Ախալքալաքում, ռեգբիի ճանաչելիության ու տարածման ուղղությամբ, ակումբի աշխատանք տանելու անհրաժեշտության մասին, և խնդրեցին հետագայում դա հաշվի առնել։
«ТАО» ակումբի նախագահն ասաց, որ ախալքալաքցիները դեռևս «ТАО»-ի մակարդակի չեն հասել:
Հանդիպման ավարտին սակրեբուլոյի պատգամավորները շնորհակալություն հայտնեցին «ТАО» ակումբի նախագահին և խոստացան, որ կշարունակեն ֆինանսավորել, բայց նաև հիշեցրին Ախալքալաքն ակումբում ակտիվացնելու անհրաժեշտության մասին։