Այս տարի Ախալքալաքի մունիցիպալիտետի Կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի ծառայության բյուջեն նվազել է: Չնայած այն հանգամանքին, որ մունիցիպալիտետում ռեգբիի զարգացման վրա ոչ մի թեթրի չի ծախսվում, ծառայության ամբողջ բյուջեի 32%-ը ուղղվում է ռեգբի ակումբին: Այս տարի բյուջեում առաջին անգամ ընդգրկված են սահմանափակ կարողություններ ունեցող անձանց գեղարվեստական միջոցառումներին մասնակցության համար ծախսեր:
Նախորդ տարի՝ 2020 թվականին, համավարակի պատճառով, Ախալքալաքում մարզական և մշակութային միջոցառումներ չեն անցկացվել, չնայած դրա համար հատկացվել էր 188 200 լարի: Այս տարի Ախալքալաքի մունիցիպալիտետի բյուջեով հատկացված գումարը նվազել է 16 200 լարիով և կազմում է 172 000:
Ախալքալաքի մունիցիպալիտետի բյուջեի համաձայն՝ նախատեսված է 11 մարզական իրադարձություն: Այս մարզական միջոցառումների համար միջոցներ չի հատկացվել ոչ անցյալ տարի, ոչ էլ այս տարի, բայց 3000-ական լարի է հատկացվել մեդալների, պատվոգրերի և գավաթների գնման համար:
2020 թ.-ին դպրոցական մարզական և երիտասարդական միջոցառումների համար հատկացվել է 10 000 լարի, այս տարի այդ գումարը նվազել է՝ դառնալով 8 000 լարի:
Քաղաքապետարանի բյուջեն բավականին մեծ գումար է հատկացրել Ռեգբիի ակումբի համար` 55 000 լարի, և գումարը չի փոփոխվել ինչպես անցած, այնպես էլ այս տարի, թե ինչ նպատակով` հարցը դեռ բաց է մնում:
Անցյալ տարի միջոցներ չէին հատկացվել «Տավշանկա» ամառային ճամբարի կազմակերպման համար, այս տարի հատկացվել է 40 000 լարի:
Եթե նախորդ տարի 32 200 լարի էր հատկացվել մարզագույքի ձեռքբերման համար, ապա այս տարի այդ նպատակով գումար չի հատկացվել:
Այս տարի մշակութային միջոցառումների համար հատկացվել է 66 000 լարի, ինչը 22 000 լարիով պակաս է նախորդ տարվանից: Անցյալ տարի Ջիվանու չեղյալ հայտարարված տոնի համար հատկացվել էր 6000 լարի, նույնքան էլ հատկացվել է այս տարի: Ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի Վարևան և Սուլդա գյուղերում միջոցառումների համար հատկացվել է 500-ական լարի:
Ախալքալաք քաղաքի օրվա տոնակատարության համար հատկացված գումարը նվազել է 2400 լարիով, նախորդ տարի այն չէր նշվել, չնայած այդ նպատակով հատկացվել էր 22 400 լարի: «Սիրողական ներկայացումների խմբերի մասնակցությամբ՝ փառատոնների, դիտումների անցկացման ծախսեր» անվանմամբ կետի համար, ինչպես և նախորդ տարի, հատկացվել է 7000 լարի:
«Էտալոն» մրցույթին մասնակցելու համար մունիցիպալիտետը հատկացրել է 3000 լարի՝ ինչպես անցյալ տարի, այնպես էլ այս տարի: Անցյալ տարի բուկլետներ տպելու և տեղեկատվության համար հատկացվել է 3000 լարի, այս տարի այդ նպատակով միջոցներ չեն հատկացվել: Նաև, որևէ գումար չի հատկացվել ամանորյա միջոցառումների համար, որոնց համար անցյալ տարի հատկացվել էր 18 000 լարի, չնայած հին տոնածառը և զարդարանքը տեղադրելուց հետո վերջում այդ գումարը կազմել էր 4000 լարի:
«Անցյալ տարի ոչ մի միջոցառում չի անցկացվել, կային խնայողություններ, այս տարի բյուջեն կազմվել է՝ հաշվի առնելով, որ եթե հնարավոր է անցկացնել միջոցառումներ, այդ թվում՝ «Տավշանկա» ճամբարը, ապա մենք կանցկացնենք, իսկ եթե՝ ոչ, ապա դա նախորդ տարվա նման կլինի: Ինչ վերաբերում է նրան, թե ինչու գումար չի հատկացվել ամանորյա տոների համար, ապա մենք այդպես անում ենք ամեն տարի: Տարեվերջին ենք այս կամ այն չափով գումար պահանջում», – ասում է ծառայության պետ Վալերի Ստելմաշովը:
Այս տարի բյուջեից 4000 լարի հատկացվել է սահմանափակ կարողություններ ունեցող անձանց գեղարվեստական միջոցառումներին մասնակցելու համար: Սա առաջին դեպքն է, երբ Ախալքալաքում սահմանափակ կարողություններ ունեցող անձանց համար գումար է հատկացվում՝ չհաշված թեքահարթակները, որոնք ընդհանրապես պիտանի չեն տեղաշարժման համար:
Այսպիսով, մարզական և մշակութային միջոցառումների բյուջեն նվազել է տեղեկատվական բուկլետների հաշվին, մարզագույքի, չնշված նոր տարվա, քաղաքի օրվա և այն պաստառի հաշվին, որի համար նախորդ տարի հատկացվել էր 2 600 լարի:
Թե ինչպիսին կլինի վիրուսի հետ կապված իրավիճակն այս տարի՝ դեռ պարզ չէ, ամենայն հավանականությամբ, կորոնավարակի պատճառով, արդեն իսկ փոքրաթիվ մշակութային և սպորտային միջոցառումները չեն չեղարկվի, ինչպես դա եղավ նախորդ տարի:
Քրիստինե Մարաբյան