Նոյեմբերի 1-ին, Ախալքալաքում, թիվ 5 դպրոցի բակում, տեղի ունեցավ ռեգբիի միջոցառում։ Ախալքալաքի մարզադպրոցի ռեգբիի մանկապատանեկան թիմը շրջանային ռեգբիի «Տաո» ակումբի ներկայացուցիչների հետ համատեղ մարզում է անցկացրել։
Նման միջոցառում անցկացնելու նախաձեռնությունը Մարզադպրոցին և ռեգբիի մարզային «Տաո» ակումբին են պատկանում։ Փոքրիկ խաղացողներին մարզելու էին եկել «Տաո»-ի հիմնական թիմի անդամները՝ պրոֆեսիոնալ ռեգբիիստներ։
«Մեր մարզումները սովորական մարզման պես են անցնում, բայց մարզումների ժամանակ որոշեցինք անել այնպես, որ մարզվենք ռեգբիի լիգայի և ռեգբիի ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ՝ տղաներին ոգևորելու համար»,- մեկնաբանեց Ռաֆայել Դարբինյանը։
Ըստ «Տաո»-ի մենեջեր Դաթո Մգելաձեի, նման միջոցառումներն անցկացվում են պարբերաբար։
«Մանկական ռեգբի ունենք ամբողջ շրջանում, և այժմ մենք ռեգբիի փառատոն ենք անցկացնում մինչև 14 տարեկան երեխաների համար: Այստեղ եկել են երկու խաղացողներ, ովքեր խաղում են Տաոյի հիմնական թիմում, ինչպես նաև տեղացի Գրիգորը, ով խաղում է Տաոյի երիտասարդական թիմում։ Նա հաճախ է գալիս Ասպինձա, այնտեղ մենք մեծ ենթակառուցվածք ունենք՝ ռեգբիի բազա, նաև լինում են ահա այսպիսի տեղական փառատոներ»,- նշեց նա։
Միջոցառման ավարտին բոլոր մասնակիցները ստացան պատվոգրեր։
Ինչպես նշեց մարզիչ Ռաֆայել Դարբինյանը, Ախալքալաքում ռեգբիի զարգացման ներուժ կա, սակայն մունիցիպալիտետը չունի հատուկ ենթակառուցվածքներ։
«Քանի որ ներկայումս ունենք շրջանային «Տաո» ակումբը, այնտեղ ներգրավված են շատ ուժեղ մասնագետներ, համաշխարհային մակարդակի աստղեր, մենք մեր շրջանում ռեգբիի զարգացման ճանապարհ ունենք: Իսկ Ախալքալաքի մունիցիպալիտետում ռեգբին զարգացնելու համար մենք պետք է ուշադրություն դարձնենք ենթակառուցվածքին՝ մարզադաշտ, հանդերձարան, լոգասենյակ, մարզադահլիճ, որպեսզի այն հարմարավետ լինի, և որպեսզի ծնողները, ովքեր բերում են իրենց երեխաներին, տեսնեն դա: Եվ, իհարկե, ավելի շատ քարոզչական և բացատրական աշխատանք կատարենք՝ կապված ռեգբիի հետ»,- նշեց Դարբինյանը։
Սամցխե-Ջավախքի ռեգբիի շրջանային ակումբը` «TAO»-ն ստեղծվել է 2016 թ.-ին: Ակումբը պատկանում է շրջանի բոլոր վեց մունիցիպալիտետներին, այդ թվում՝ Ախալքալաքին։ Ախալքալաքի մունիցիպալիտետն ամեն տարի ակումբին գումար է փոխանցում, վերջին երկու տարիներին հատկացվել է 55 000 լարի։
Ակումբն ունի 5 մանկական, 2 պատանեկան և 1 պրոֆեսիոնալ թիմ, որոնք պայքարում են Վրաստանի բարձրագույն լիգայում տեղի համար։
Ռեգբին դասավանդվում է Սամցխե-Ջավախքի շրջանի 12 դպրոցներում, որոնցից Ախալքալաքի մունիցիպալիտետում՝ 4 դպրոցներում՝ Ախալքալաքի թիվ 1 հանրային (Հովհաննես Թումանյանի անվան), վրացական թիվ 3 դպրոցում, Ախալքալաքի թիվ 3, Չունչխա և Պտենա գյուղերի դպրոցներում։ Ախալքալաքի մարզադպրոցում գործում է նաև մանկական ռեգբիի բաժին Ռաֆայել Դարբինյանի ղեկավարությամբ։