Երեկ խանութի սեփականատերը չէր համաձայնվում, որ հարկայինի աշխատակիցները ստուգման համար փակեին խանութը: Այսօր նա թույլ է տվել սկսել գույքագրումը եւ հաշվարկումը, սակայն խանութը փակ չէ եւ զուգահեռ ռեժիմով աշխատում է:
Երեկ, փետրվարի 25-ին, Վրաստանի եկամտային ծառայության աշխատակիցները ցանկանում էին փակել Նալբանդյան փողոցում գտնվող ավտոպահեստամասերի խանութը: Խանութի սեփականատերը, ինչպես նաեւ նրանց ծանոթներն ու բարեկամները հավաքվել են ու բողոքել, թույլ չեն տվել փակել այն, պնդելով, որ խանութի փակման դեպքում մեծ կորուստներ կկրեն, իսկ նրանք վարկ ունեն մարելու: Ստեղծված իրավիճակի պատճառով խանութի սեփականատերը նույնիսկ կանչել էր հակաքրեական ծառայության աշխատակցին, որն էլ ասեց, որ հարկայինի ծառայողները ստուգման հրաման ունեն:
Երկարատև դիմակայությունից հետո խանութի սեփականատերը եւ նրանց մտերիմները գնացին իրենց բողոքն արտահայտելու պաշտոնյաներին, մասնավորապես խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանին:
«Մենք զրուցեցինք պատգամավորի հետ եւ որոշեցինք թույլ տալ խանութի ստուգումը: Այժմ մենք աշխատում ենք, եւ միեւնույն ժամանակ հարկային ծառայողները կատարում են ստուգումը: Ստուգումը կտեւի մոտ 10 օր », – ասաց խանութի սեփականատիրոջ եղբայր՝ Աշոտ Հակոբյանը:
Պատգամավոր Հենզել Մկոյանը հույս ունի, որ ստուգման արդյունքները որեւէ խնդիր չեն առաջացնի:
«Երեկ մոտ 200 մարդ բողոքով եկան ինձ մոտ, ես, որպես նրանց կողմից ընտրված պատգամավոր, գնացի խանութ: Այնտեղ էին նաեւ տարածքային հարկային ծառայության ղեկավարները: Մենք խոսեցինք, ես բացատրեցի հարկային ծառայության աշխատակիցներին, որ սեփականատերը խոշոր վարկ ունի, եւ եթե խանութը փակեն, ապա նա չի կարողանա վճարել վարկը: Եվ մենք համաձայնեցինք, որ ստուգումը իրականացվի խանութի աշխատանքին զուգահեռ: Կարծում եմ, որ ամեն ինչ նորմալ կլինի », – jnews –ի հետ զրույցում ասաց պատգամավոր Հենզել Մկոյանը:
Տվյալ խանութը խախտումների պատճառով տուգանվել էր նաեւ 2016 թ-ին եւ սեփականատերը տուգանքի վճարումն ավարտել էր անցյալ տարի՝ 2018 թվականին:
Շուշան Շիրինյան