Ախալքալաքի Ջավախեթյան փողոցում՝ Ռուսթավելի փողոցի հետ խաչմերուկի մոտ, ավելի քան երկու շաբաթ է՝ ասֆալտի տակից բարակ շիթով ջուր է հոսում։ Ջուրը հոսում է մայթի երկայնքով, ապա տարածվում Ռուսթավելի փողոցում և ուղղվում դեպի կիրճ։ Տեղացիները մտահոգված են, որ խնդիրը չլուծվելու դեպքում ձմռան գալուն պես փողոցը կարող է սառցադաշտի վերածվել։
Ավելի քան երկու շաբաթ է՝ ջրի արտահոսքն անհանգստացնում է բնակիչներին։ Ջուրը դուրս է գալիս ճանապարհի և մայթի եզրին։ Բնակիչների մի կողմը պնդում է, որ վթարը տեղի է ունեցել դիմացի տների հատվածում գտնվող ջրագծի վրա, մինչդեռ դիմացի տների բնակիչները դա հերքում են։ Արտահոսքի ստույգ աղբյուրը հայտնի չէ։ Պատասխանատու ծառայություններին որևէ մեկը չի դիմել։
Jnews-ը խնդրով դիմել է Վրաստանի միավորված ջրամատակարարման ընկերությանը՝ խնդրելով արձագանքել ջրի արտահոսքին։ Ընկերությունում հայտը գրանցել են և խոստացել զբաղվել խնդրով։



