Սեպտեմբերի 28-ին Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի հանձնաժողովների նիստում պատգամավորները քաղաքապետարանի ներկայացուցիչներից հետաքրքրվել են՝ արդյոք այս տարի քաղաքում կթարմացվեն ճանապարհային գծանշումները։ Քաղաքապետարանի ներկայացուցիչները պատասխանել են, որ այս տարի գծանշումներ չեն արվի։
Մոտ երկու շաբաթ առաջ Ազատության կենտրոնական փողոցում կրկին տեղի է ունեցել վրաերթ՝ հետիոտնի մասնակցությամբ։ JNEWS-ի տեղեկություններով՝ հետիոտնը ճանապարհը հատել է չթույլատրված վայրում։ Միևնույն ժամանակ, Ախալքալաքում նման դեպքերը հազվադեպ չեն։ Շատ հետիոտներ շարունակում են կենտրոնական փողոցները հատել՝ չօգտվելով գծանշված անցումներից։
Անցյալ տարի կենտրոնական փողոցներում իրավիճակը փոքր-ինչ այլ էր։ Հետիոտնային անցումների գծանշումներից հետո բազմաթիվ բնակիչներ փորձում էին հենց դրանցից օգտվել։ Լրացուցիչ գործոն էին պարեկային ոստիկանության ստուգումներն ու չթույլատրված վայրում ճանապարհը հատելու համար 50 լարիի չափով տուգանքները։ Սակայն ձմռանից հետո բազմաթիվ վայրերում ճանապարհային գծանշումները կրկին գրեթե անհետացել են։ Դրանց հետ մեկտեղ թե՛ հետիոտների, թե՛ վարորդների համար ավելի դժվար է դարձել կողմնորոշվելը։
JNEWS-ը հաճախ անդրադառնում է քաղաքի համար հետիոտնային անցումների կարևորությանը և այն հանգամանքին, թե որքանով են դրանք նվազեցնում հետիոտների վրաերթերի, ինչպես նաև ընդհանուր առմամբ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը։
Չնայած դրան՝ պատգամավորի հարցին, թե արդյոք փողոցներում գծանշումներ կարվեն, Ախալքալաքի քաղաքապետարանի ենթակառուցվածքների, ճարտարապետության և տարածքային պլանավորման ծառայության ղեկավար Արա Մովսիսյանը պատգամավորներին հայտնել է, որ այս տարի ճանապարհային նոր գծանշումների իրականացում չի նախատեսվում։
Երբ JNEWS-ը ամռան սկզբին բարձրացրել էր ճանապարհների և գծանշումների վիճակի հարցը, Մովսիսյանը նշել էր, որ նախ անհրաժեշտ է ավարտել փոսային նորոգումը, որից հետո կքննարկվի գծանշումներ իրականացնելու հարցը։
«Եթե անկեղծ ասեմ, պատճառն այն է, որ մեր ունեցած ամբողջ գումարն ավելի կարևոր է ծախսել քաղաքի մնացած հատվածում փոսային նորոգումն իրականացնելու համար։ Ավելին, հիմա գծանշումներ անելու իմաստ չկա, քանի որ շուտով ձմեռ է։ Հաջորդ տարի նոր մրցույթ կհայտարարենք, կան նոր ընկերություններ, և հույս ունենք, որ նրանց հետ ավելի լավ կկարողանանք աշխատել», – մեկնաբանել է Արա Մովսիսյանը։


