Ջավախեթյան փողոցի բնակիչները չգիտեն ինչ անեն, արդեն երկու տարի է իրենց փողոցը քանդված վիճակում է, շուտով անձրևները կսկսվեն: Փողոցի վերանորոգումն իրականացնող ընկերությունը հրաժարվում է ասֆալտապատել փողոցը՝ պատճառաբանելով, որ ջրատար խողովակներն ու կոյուղագիծը շատ ծանծաղ է անցկացված: Ախալքալաքի քաղաքապետարանն աշխատում է խնդրի վերացման ուղղությամբ, սակայն՝ դեռ որևէ համաձայնություն չկա:

Ջավախեթյան փողոցի վերանորոգման էլեկտրոնային մրցույթը հաղթել է «Ջավախ Ավտո Գզա» ընկերությունը, սակայն ընկերության գլխավոր տնօրեն Նոդար Ինասարիձեն ասում է, որ ջրատար խողովակաշարի ու կոյուղագծի փոփոխման աշխատանքները պատշաճ կերպով չեն իրականացվել, այդ իսկ պատճառով էլ նրանք չեն շարունակի ճանապարհի ասֆալտապատումը: Անհատ ձեռներեց Վարդան Չոլախյանը, ով կատարել է ջրատար խողովակաշարի և նոր կոյուղագծի անցկացման աշխատանքներն ասում է, որ ինքն աշխատանքներն իրականացրել է ինչպես հարկն է՝ ըստ նախագծի:

Ախալքալաքի քաղաքապետը տեղյակ է խնդրի մասին և կողմերի հետ առանձին-առանձին հանդիպումներ է անցկացրել, բայց այդպես էլ որևէ համաձայնության չեն եկել:

Քաղաքապետն ասում է.

«Դեռ քննարկում ենք այս հարցը, հոկտեմբերի 4-ին ճանապարհային վարչության ներկայացուցիչներն էին եկել, ուրբաթ օրն էլ սպասում ենք վարչության ղեկավարին, որպեսզի վերջնական լուծում տանք հարցին, ծավալուն թեմա է, կողմերը համաձայնության չեն գալիս, օրերն անցնում է, արդյունքում տուժում է ժողովուրդը։ Ես լավ եմ հասկանում բնակիչներին», – Jnews-ին ասաց քաղաքապետ Մելքոն Մակարյանը:

Հիշեցնենք, որ Ախալքալաքի Ջավախեթյան փողոցը 2020 թվականից գտնվում է անբարեկարգ վիճակում։ Այն պետք է ասֆալտապատվեր Ախալցիխե-Ախալքալաք մայրուղու ասֆալտապատման ժամանակ, սակայն պարզվեց, որ այդ փողոցում ջրատար խողովակները հին են, ինչպես նաև կոյուղագիծ չկար։ Կատարվեցին փողոցի ջրագծի և կոյուղագծի անցկացման աշխատանքներ, որից հետո ասֆալտապատման համար Վրաստանի ճանապարհային վարչությունը էլեկտրոնային մրցույթ է հայտարարել, որը հաղթել է «Ջավախ Ավտո Գզա» ընկերությունը։

Այս թեմայով կարող եք կարդալ նաև՝

Ջավախեթյան փողոցի ասֆալտապատումը կրկին ձգձգվում է

Ջավախեթյան փողոցի ասֆալտապատման համար նոր ծրագիր է մշակվել

Շուտով կսկսվեն Ջավախեթյան փողոցի ասֆալտապատման աշխատանքները

Ջավախեթյան փողոցի ասֆալտապատման համար նախատեսվում է նոր մրցույթ հայտարարել

Ջավախեթյան փողոցն այս տարի խոստանում են վերանորոգել