Ախալքալաքի նախկին թիվ 1 զինվորական ավանի՝ «Շանհայ» կոչվող թաղամասի բնակիչները տարիներ շարունակ կոյուղու համակարգի բացակայության խնդրի առաջ են կանգնած։ Թաղամասում ապրող բնակիչների խոսքերով՝ կենցաղային անհրաժեշտ հիմնական ենթակառուցվածքներից գազը, էլեկտրականությունն ու ջրամատակարարումը վերջերս անցկացվել են, սակայն կոյուղու համակարգ այդպես էլ չի կառուցվել։
Թաղամասի բնակիչ Սիրանուշ Ղանդիլյանը խնդրի մասին դիմել է Jnews-ին՝ նշելով, որ բնակիչները բազմիցս դիմել են Վրաստանի միացյալ ջրամատակարարման ընկերության Ախալքալաքի սպասարկման կենտրոնի տնօրեն Գիորգի Վախտանգիշվիլիին, դիմում են ներկայացրել նաև Ախալքալաքի քաղաքապետարան՝ թաղամասում կոյուղու գիծ անցկացնելու խնդրանքով։ Նրա խոսքով՝ տարբեր ժամանակներում՝ թե Գիորգի Վախտանգիշվիլիից, թե քաղաքապետարանից տարբեր պատասխաններ են ստացել։
«Մեր թաղամասում ապրում է 8 ընտանիք։ Յուրաքանչյուր ընտանիք իր բակում փոս է փորել, և կոյուղաջրերը լցվում են այդ փոսերի մեջ։ Բայց այլևս այդպես հնարավոր չէ։ Փոսերը լցվել են, և սարսափելի գարշահոտ է տարածվում։ Վախենում եմ նաև, որ երեխաները կարող են ընկնել արդեն ճահճացած փոսերի մեջ։ Բազմիցս դիմել եմ թե՛ ջրամատակարարման ընկերությանը, թե՛ քաղաքապետարանին, սակայն մինչ այսօր ոչ ոք չի անհանգստացել մեր վիճակով, և որևէ քայլ չի ձեռնարկվել։ Այս պայմաններում ապրում է մոտ 35-40 մարդ»,- ասում է Սիրանուշ Ղանդիլյանը։
Jnews-ն այցելել է նախկին թիվ 1 զինվորական ավանի «Շանհայ» կոչվող թաղամաս։ Փողոցում հավաքված բնակիչներից յուրաքանչյուրը հրավիրում էր իր բակ տիրող իրավիճակին ծանոթանալու համար։ Կոյուղու բացակայության պատճառով յուրաքանչյուր ընտանիք իր տան բակում փոս է փորել, որոնք լցվել են և գարշահոտ կեղտաջուրը լցվում է մարդկանց տան բակեր, հարևանի պատերի տակ՝ ամենուր ճահիճ առաջացնելով։
«Անցյալ տարի մեր հարևանությամբ գտնվող հյուրանոցի սեփականատերը Թբիլիսիից մարդ էր կանչել, քանի որ ջուրն իր հյուրանոց չէր հասնում։ Այդ մարդկանց հետ էր նաև Գիորգի Վախտանգիշվիլին։ Մենք մոտեցանք և բարձրաձայնեցինք մեր կոյուղու հարցը։ Վախտանգիշվիլին մեզ ասաց, որ հաջորդ տարի, այսինքն՝ այս տարի, քաղաքապետարանը փոխելու է գարադոկի կոյուղագիծը։ Հենց նրանք աշխատանքները սկսեն, մենք մոտենանք ջրամատակարարման ընկերություն, կվճարենք 800-ական լարի բաժանորդի գումար և մեզ համար կոյուղագիծ կքաշեն։ Սակայն այս տարի, երբ աշխատանքները սկսվեցին, մենք գնացինք Գիորգի Վախտանգիշվիլիի մոտ, նա մեզ ասաց, որ շատ գործ ունի և մեր թաղամասի ժամանակը չունի»,- Jnews-ին պատմեց Շանհայ թաղամասի բնակիչ Մարինա Հակոբյանը։
«Շանհայի» բնակիչները Վախտանգիշվիլիին ասել են, որ իրենք կբողոքեն պատկան մարմիններին։
«Երբ մենք ասացինք, որ բողոք կգրենք Թբիլիսի, թեժ գիծ կզանգենք, Ջրամատակարարման ընկերության Ախալքալաքի սպասարկման կենտրոնի տնօրեն Գիորգի Վախտանգիշվիլին մեզ, կարծես, ծաղրելով ու քմծիծաղով պատասխանեց, որ ուր ուզում եք բողոքեք, միևնույն է ձեր բոլոր դիմումներն ու բողոքները էլի ինձ մոտ են գալու»,- պատմեց Լալա Խաչատրյանը։
«Դիմել եմ Գիորգիին մի քանի անգամ, ասում էր գնա քաղաքապետարան։ Դիմեցի քաղաքապետարան, անցած տարի էլ էինք դիմում գրել ու ներկայացրել քաղաքապետարանին թաղամասի բնակիչներով, այս տարի նույնպես դիմում գրեցինք։ Մեզ պատասխանեցին, որ գարադոկի կոյուղագիծը փոխելու են, և մեր թաղամասն էլ է այդ ծրագրի մեջ ներառված, սակայն հետո պարզվեց, որ դա սխալ ինորմացիա էր։ Հնարավոր չէ ապրել այլևս այս պայմաններում, անելանելի վիճակում ենք, չգիտենք ում դիմել, ումից օգնություն խնդրել»,- իր խնդրանք բողոքն էր ներկայացնում Jnews-ին դիմած Շանհայ թաղամասի բնակիչ Սիրանուշ Ղանդիլյանը։
Նրա խոսքով՝ բնակիչները ցանկանում են ոչ թե ժամանակավոր լուծում, այլ թաղամասում կոյուղու համակարգի լիարժեք անցկացում, որպեսզի կենցաղային կեղտաջրերի հեռացման հարցը վերջնական կարգավորվի։
Jnews-ը խնդրի վերաբերյալ զրուցեց նաև Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության ծառայության ղեկավար Արա Մովսեսյանի հետ։ Իր խոսքով՝ «Շանհայ» թաղամասի կոյուղու խնդրի մասին ինքը տեղեկացել է միայն վերջերս։
«Ես միայն վերջին մեկ-երկու շաբաթվա ընթացքում եմ տեղեկացել այդ խնդրի մասին։ Մինչ այդ որևէ դիմում կամ բողոք ինձ չի հասել։ Այժմ այդ հարցով զբաղվելու հնարավորություն չունենք։ Դեռևս քաղաքապետ պարոն Մելքոն Մակարյանի հետ այս հարցը չեմ քննարկել, սակայն, ամենայն հավանականությամբ, խնդրով հնարավոր կլինի զբաղվել միայն մյուս տարի»,- Jnews-ին ասաց Արա Մովսիսյանը։
Այսպիսով, «Շանհայ» թաղամասի բնակիչները շարունակում են սպասել կոյուղու խնդրի լուծմանը։ Բնակիչների խոսքերով՝ կոյուղաջրերի համար նախատեսված փոսերի լցվելը ոչ միայն կենցաղային անհարմարություններ է ստեղծում, այլև մտահոգություն է առաջացնում թաղամասում ապրող երեխաների անվտանգության և շրջակա միջավայրի վիճակի վերաբերյալ։
Քանի որ, Վրաստանի միացյալ ջրամատակարարման ընկերության Ախալքալաքի սպասարկման կենտրոնից Jnews-ի հարցերին չեն պատասխանում և մշտապես ուղղորդում են հասարակության հետ կապերի վարչություն, իսկ հասարակության հետ կապերի վարչության աշխատակիցը որպես կանոն որեւէ ինֆորմացիայի չի տիրապետում, Jnews-ն օնլայն հարցում է ուղարկել Վրաստանի միացյալ ջրամատակարարման ընկերությանը։ Պատասխան նամակն ստանալուն պես, Jnews-ը կրկին կանդրադառնա այս խնդրին։








