Շուտով կսկսվի նոր ուսումնական տարին, իսկ Ազավրեթում դեռ չգիտեն, թե որտեղ և ինչպես կազմակերպել դասապրոցեսը: Գյուղում համապատասխան շենք չկա, իսկ աշակերտների ծնողները հրաժարվում են իրենց երեխաներին ուղարկել հարեւան գյուղ: Ախալքալաքի մունիցիպալիտետի Ազավրեթ գյուղում դպրոցի հիմնանորոգման տենդերն արդեն հայտարարված է, սակայն շենքը շուտ չի լինի պատրաստ:
Ազավրեթ գյուղի դպրոցի շենքը երկար տարիներ է գտնվում է վթարային վիճակում: JNEWS- ը բազմիցս գրել է ուսուցիչների և ծնողների բողոքների մասին: 2019 թ.-ին գյուղացիները նույնիսկ գործադուլ էին հայտարարել, մինչ իշխանությունները չխոստացան կառուցել դպրոցի նոր շենք:
Այս տարի կառավարությունը պետական բյուջեից 1 մլն 901 730 լարի է հատկացրել դպրոցի շենքի հիմնանորոգման համար: Վրաստանի Մունիցիպալ կրթության ֆոնդը, 2020 թվականի օգոստոսի 12-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Ազավրեթ գյուղի դպրոցի հիմնանորոգման համար տենդեր էր հայտարարել: Հայտերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 18-ն է:
Սակայն, գյուղում դեռ չգիտեն, թե որտեղ և ինչպես է տեղի ունենալու դասապրոցեսը, որը կսկսվի 2 շաբաթից, քանի որ դպրոցի շենքը պատրաստ չի լինի դեռ երկար ժամանակ:
Ազվարեթ գյուղի դպրոցի տնօրեն Սլավիկ Եղիազարյանի խոսքով, ինքն առաջարկել է մի քանի տարբերակ, բայց դրանցից ոչ մեկը չի բավարարում նախարարության պահանջներին:
«Ռեսուրս֊կենտրոնի տնօրեն Թերեզա Չիվչյանի հետ հանդիպման ժամանակ ես առաջարկեցի սենյակներ վարձել տարրական դասարանների համար, իսկ մնացած աշակերտների հետ անցկացնել հեռավար դասեր: Թերեզան մերժեց ինձ ասելով, որ պայմանները չեն համապատասխանում չափանիշներին (հեռավորություն, սանհանգույց և այլն), և առաջարկեց, որ ուսումնական գործընթացն անցկացվի հարևան Բուռնաշեթ գյուղում երկրորդ հերթափոխով: Սակայն, տարաձայնություններ կան ինչպես մեր գյուղացիների, այնպես էլ բուռնաշեթցիների կողմից: Հիմա մենք անորոշ վիճակում ենք », – ասում է Սլավիկ Եղիազարյանը:
Աշակերտների ծնողներից մեկը՝ Սարգիս Սուքիասյանը հրաժարվում է իր երկու դուստրերին ուղարկել հարևան Բուռնաշեթ գյուղի դպրոց:
«Ինչու են նրանք հիմա սկսում, ինչով էին զբաղված մինչ այժմ: Թող շինարարությունը սկսեին մարտի վերջին, այն կհասցնեին կառուցել: Ինչպես են նրանք ձմռանը հարևան գյուղ գնալու, սա մեկ շաբաթ կամ մեկ ամիս չէ, առջևում ձմեռ է», – ասում է Սարգիս Սուքիասյանը:
Գրիգոր Չախալյանը նույնպես չի ցանկանում իր երեխաներին ուղարկել Բուռնաշեթ գյուղ և առաջարկում է իրենց գյուղում շենք վարձակալել:
Դպրոցի տնօրենի խոսքով, նա չի կարող գյուղում համապատասխան պայմաններ ապահովել:
«Գյուղում չկա այնպիսի մի շենք, որը կհամապատասխանի չափանիշներին: Պիտի լինի շենք որոնցում երկար ժամանակ ոչ ոք չի ապրում, և ես չգիտեմ, որքանով են դրանք անվտանգ: Բայց, ի վերջո, ես պետք է ինչ-որ բան որոշեմ, իմ նպատակն է սկսել ուսումնական գործընթացը: Ես գտնում եմ, որ չարիքներից փոքրագույնը հեռավար ուսուցումն է», – ասում է Սլավիկ Եղիազարյանը:
Բուռնաշեթ գյուղի բնակիչները JNEWS- ի հետ զրույցում խուսափեցին ուղիղ պատասխանից, ասելով, որ իրենց կարծիքը ոչ մեկին չի հետաքրքրում. «Ինչպես որոշել են, այդպես էլ կանեն»:
Ազավրեթ գյուղի դպրոցի տնօրեն Սլավիկ Եղիզարյանի խոսքերով, ինքն արդեն նամակ է պատրաստել կրթության նախարարություն խնդրելով, որ իրենց դպրոցին, բացառության կարգով, թույլատրվի անցկացնել միայն հեռավար դասեր: Մոտ օրերս նա նամակը կուղարկի և կսպասի պատասխանի:
Ազավրեթ գյուղի դպրոցն ունի 168 աշակերտ, այս տարի առաջին դասարան կգնա 9 երեխա:
Ծնողները անվտանգ դպրոց են պահանջում
Ազավրեթում դասերն ընթանում են էքստրեմալ պայմաններում
Վթարային դպրոց՝ 6 դասասենյակ, 3 հերթափոխ, 184 աշակերտ
Ազավրեթի դպրոցն ընդարձակման կարիք ունի
Ազավրեթ գյուղի դպրոցը դասադուլ է հայտարարել
Ազավրեթ գյուղի դպրոցի աշակերտները շարունակում են դասադուլը
Ազավրեթում դասադուլը դադարեցնելու համար պահանջում են նոր դպրոց
Փորձագետները չօգնեցին Ազավրեթ գյուղի դպրոցի հարցում
Պատգամավոր․ Ազավրեթի դպրոցի շենքի խնդիրը կլուծվի այս տարի