Ազավրեթ գյուղի դպրոցի շենքի վերաբերյալ փորձագիտական եզրակացությունն արդեն հայտնի է: Դպրոցի շենքը հնարավոր է կամ վերանորոգվի կամ կառուցվի նորը: Բայց գյուղի բնակիչները ցանկանում են նոր դպրոց եւ ողջամիտ ժամկետներում:

Ազավրեթ գյուղի դպրոցի, վերջերս տեղի ունեցած, աշակերտների դասադուլից հետո, մունիցիպալիտետի քաղաքապետարանը դիմել էր Կրթության եւ գիտության նախարարությանը: Հայցադիմումում խնդրանք էր նոր դպրոցների շինարարական ծրագրում ընդգրկել նաև Ազավրեթ գյուղում դպրոցի նոր շենքի կառուցումը: Այս առումով որոշում էր կայացվել հետազոտություն կատարել հասկանալու համար, թե որն է առավել նպատակահարմար՝ հին շենքի վերանորոգումը, թե նորի կառուցումը: Փորձագետների որոշումն արդեն ստացել է և քաղաքապետարանը եւ դպրոցը:

Դպրոցի ուսմասվար Հարություն Այվազյանը կարծում է, որ փորձագիտական եզրակացությունը չի օգնել հարցի առաջխաղացմանը:

«Այսինքն, նրանք թողնում են քաղաքական ուժերի ազդեցությանը: Թող տան նորմալ շենք, որտեղ հնարավոր լինի անցկացնել դասերը: Մյուս կողմից, ես որպես գյուղի բնակիչ, ուզում եմ նոր դպրոց: Նոր դպրոցի շինարարության համար տեղ կա, ֆուտբոլի դաշտի կողքին: Ամբողջ կյանքս երազել եմ աշխատել նորմալ դպրոցում », – ասում է Հարություն Այվազյանը:

Գյուղում ասում են, որ նոր դպրոցի շենքի կառուցման համար պատրաստ են սպասել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, եթե համոզված լինեն, որ կկառուցեն նոր դպրոց:

«Մենք գրել ենք նախարարություն, որ ուզում ենք նոր դպրոց եւ սպասում ենք պատասխանի», – ասաց ուսուցչուհիներից մեկը:

Մյուս կողմից սակայն, ոմանք անհանգստանում են, որ նոր դպրոցի շինարարությունը կարող է երկար տարիներ ձգվի կամ չեղյալ հայտարարվի:

«Եթե մենք կոլեկտիվով ասենք, որ ուզում ենք վերանորոգում, սխալ կլինի, քանի որ բոլորը ցանկանում են նոր դպրոց, բայց եթե նոր դպրոցի կառուցումը տևի 10 տարի, դա նույնպես մեզ ձեռնտու չէ: Գյուղում կարծես ստեղծվել է համընդհանուր շարժում, եւ ինչ ասում է ժողովուրդը, մենք դրան կողմ ենք, նույնիսկ եթե այդ որոշումը սխալ է», – ասաց ուսուցիչներից մեկը:

Ուսուցիչ Կիրակոս Զաքարյանն ասում է, որ կարեւորը երաշխիք ունենալն է:

«Նրանք մեզ նոր դպրոց են խոստացել, բայց մյուս կողմից, եթե ղեկավարությունը հանկարծ փոխվի, և նորերը չկամենան նոր դպրոց կառուցել: Ուստի նոր դպրոցի կառուցումը պետք է սկսվի այս արձակուրդներին», – ասում է ուսուցիչ Կիրակոս Զաքարյանը:

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը հեռախոսազրույցի ժամանակ ասաց, որ փորձագետների պատասխանը երկիմաստ է:

«Մեր նպատակն է կառուցել նոր դպրոց, ընդգրկել նոր դպրոցների շինարարության ծրագրում, քանի որ գյուղացիները պարտադիր ցանկանում են նոր դպրոց եւ ասում են, որ պատրաստ են սպասել 2-3 տարի, բայց ունենալ նոր դպրոց: Ծրագրում ընդգրկելու դեպքում այս տարի կկազմեն նախագիծը եւ հաջորդ տարի այն կֆինանսավորվի: Այս տարի նրանք չեն կարող ֆինանսավորել այն, գումարը փոքր չէ, մոտ 4 միլիոն լարի է », – ասաց Յուրիկ Ունանյանը:

2019 թվականի ապրիլի 15-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը նշել էր, որ Ազավրեթ գյուղում 2020 թվականին կկառուցվի նոր դպրոց:

Շուշան Շիրինյան