Ախալքալաքի մունիցիպալիտետի Կարտիկամ գյուղում սկսվել է նոր կամրջի կառուցումը, որը ծառայելու է ինչպես Կարտիկամ, այնպես էլ Աբուլ գյուղի բնակիչներին:

Կամրջի շինարարությունը նախատեսված է Բավրա-Կարտիկամ ճանապարհի ասֆալտապատման ծրագրի շրջանակներում:

Ըստ Ռազմիկ Նահատակյանի՝ կամրջի կառուցումն առանձին նախագիծ չէ, կամուրջն ի սկզբանե նախագծում եղել է:

Բավրա-Կարտիկամ ճանապարհի ասֆալտապատման և կամրջի կառուցման համար հատկացվել էր 1,048,150 լարի, բայց հաղթողը շահել է այն 1 006 224 լարիով: Ասֆալտապատման համար տենդերը հաղթել է «Արալի» ընկերությունը:

Այս փուլում ասֆալտապատված է Բավրա-Կարտիկամ ճանապարհահատվածի 2 կմ-ը:

Ըստ Կարտիկամ գյուղում քաղաքապետի լիազոր Շալիկո Էլիզբարյանի, դեռևս ասֆալտապատվել է Բավրա- Կարտիկամ ճանապարհի առաջին շերտը: Կամրջի շինարարությունն ավարտվելուց հետո կասֆալտապատվի երկրորդ շերտը:

1

Նշենք, որ ճանապարհի այս հատվածի վերանորոգումը երկար տարիներ քննարկման առարկա է հանդիսանում բնակչության համար:

Ըստ կարտիկամցիների, սկզբում նրանց խոստացել էին վերականգնել 2,5 կմ-ը, բայց հետո կրճատել էին:

Բավրա-Կարտիկամ ճանապարհի վերականգնման նախագիծը ներառում էր 2.5 կմ հատվածի ասֆալտապատումը, սակայն ճանապարհը վերականգնելու համար կա 2 կմ-ի համար բավարար ֆինանսավորում: Քաղաքապետարանից հավաստիացնում են, որ մնացած կես կիլոմետրը կասֆալտապատվի, երբ գտնվեն միջոցներ:

Բրատիսլավ Իգիթխանյան