Ազավրեթ գյուղի դպրոցի շենքը երկար տարիներ է գտնվում է վթարային վիճակում։ Անցած տարի գյուղի բնակիչները բողոքի ցույցեր էին անցկացնում, մինչև իշխանությունը չխոստացավ, որ նոր շենք կկառուցվի։ Պատգամավոր Հենզել Մկոյանն այն ժամանակ խոստացավ, որ 2020թ.-ին նոր շենք կկառուցվի, այսօր նա ևս կրկնում է, որ դպրոցի շենքի խնդրին լուծում է տրվելու այս տարի, որ այն հիմնովին կվերանորոգվի։

Ազավրեթի դպրոցը կառուցվել է դեռևս 1957 թվականին և մինչ օրս հիմնանորոգման նորմալ աշխատանքներ չեն իրականացվել:

Բնակիչներն անհանգստանում էին երեխաների անվտանգության համար, սակայն կտրուկ բողոքի ակցիաներ անելն սկսեցին անցյալ տարի, երբ երեխաների գլխին կտուրից հող էր թափվում։

2019 թվականի ապրիլ ամսին դպրոցում դասադուլ հայտարավեց, ի պատասխան այն փաստի, որ իրենց դպրոցը չէր ներառվել մունիցիպալիտետի կողմից վերանորոգվող 24 դպրոցների ցանկում: Հարկ է նշել, որ 2018թ.-ին, ԿԳ նախարարության դպրոցների շինարարության ծրագրի համաձայն՝ որոշվել էր վերանորոգել Ազավրեթ գյուղի դպրոցը, սակայն վերանորոգումը չիրականացվեց, քանի որ գյուղում համարեցին, որ միջոցները (մոտ 200 000 լարի) բավարար չեն դպրոցի բոլոր կարիքները հոգալու համար: Նրանք ուզում էին, որ Ազավրեթում նոր դպրոցի շենք կառուցեն:

Այնուհետև, 2019թ․-ին Վրաստանի խորհրադարանի պատգամավոր Հենզել Մկոյանը մամլո ասուլիսի ժամանակ վստահեցրեց, որ 2020 թվականին Ազավրեթում նոր դպրոց կկառուցվի։

«Ազավրեթում նոր դպրոց կկառուցեն 2020 թվականին»

Տեղեկանալու համար, որ արդյո՞ք այս տարի նոր դպրոց կկառուցվի Ազավրեթում կապ հաստատեցինք Հենզել Մկոյանի հետ։

«Հանձնաժողովը, որ եկավ գնացինք դպրոց, խոսեցինք գյուղացիների հետ։ Շինարարներն ասացին, որ կարող է հիմնովին չքանդենք, բայց այնպիսի դպրոց կկառուցենք, որ բոլորն էլ գոհ կմնան», – ասաց Հենզել Մկոյանը։

Ինչպես նշեց պատգամավորը նախագիծն արդեն պատրաստ է, նրանք մեծ գումար են հատկացրել և այս տարի շինարարությունը կսկսվի։

«Դպրոցն այս տարի պետք է սկսեն նորոգել, սակայն վերանորոգումն այս տարի կավարտվի, թե՝ ոչ, հաստատ ժամկետ չեմ կարող ասել։ Գյուղացիների մի մասն ուզում էր, որպեսզի եղած շենքը քանդեինք ու նոր շենք կառուցենք, սակայն դա շատ երկար կտևի, մյուս մասն էլ ցանկանում էին, որ հիմնովին վերանորոգվի շենքը։ Ասացինք, որ անգամ հին պատերը չեն մնա, կամրացվեն, ձևը չեն փոխի, ավելի լավ դպրոց կլինի և գյուղացիները համաձայնվեցին», – ասաց Հենզել Մկոյանը։

Նախագիծն իրականացնելու է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Վրաստանի մունիցիպալիտետների զարգացման հիմնադրամը։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից մեզ տեղեկացրին, որ վաղն այս թեմայով հանդիպում պետք է տեղի ունենա Վրաստանի մունիցիպալիտետների զարգացման հիմնադրամի հետ, այդ իսկ պատճառով էլ այլ մանրամասնություններ կներկայացնեն մի փոքր ուշ։

Խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը հավելեց, որ մեր հետ ունեցած սկզբնական հեռախոսազրույցից հետո այս հարցի վերաբերյալ զանգահարել և խոսել է նախարարի հետ, ինչի արդյունքում էլ հաստատվել է այն, որ այս տարի ինչպես Ազավրեթ գյուղի, այնպես էլ Դիլիսկա գյուղի դպրոցները հիմնովին կվերանորգվեն։

Ազավրեթում դասերն ընթանում են էքստրեմալ պայմաններում

Ազավրեթ գյուղի դպրոցի տանիքը փլվում է

Ծնողներն անվտանգ դպրոց են պահանջում

Գայանե Ակոջյան