Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, Սամցխե—Ջավախեթիի պետական համալսարանի Ախալքալաքի մասնաշենքում ուսանողները բողոք են ներկայացրել, պահանջելով դասերը վերսկսել առկա ռեժիմով։
Ուսանողների մեծամասնությունը անարդյունավետ է համարում օնլայն ուսուցումը, առավել շատ մտահոգված են այս հարցով նախապատրաստական և առաջին կուրսի ուսանողները:
Համալսարանում ուսանողներին ներկայացրել են Կրթության և Գիտության նախարարության կողմից տրված հրամանը, ըստ որի առկա ուսուցման իրավունք ունեն այն ուսանողները, որոնք հրամանում նշված դրույթներից գոնե մեկին համապատասխանում են։
. ուսանողը պետք է լինի լրիվ (երկու չափաբաժին) պատվաստված,
. յուրաքանչյուր շաբաթ պետք է ներկայացնի PCR թեստ,
. պետք է ներկայացնի կորոնավիրուսի վարակումը հաստատող լաբորատոր տեղեկանք (վարակումից 2 շաբաթ անց և մինչ 6 ամիս):
«Որպեսզի առկա դասերի ընթացքում վարակման մակարդակը նվազեցնենք ուսանողները պետք է պատվաստվեն, ցավոք, ուսանողների պատվաստման մակարդակը շատ ցածր է», – Jnews-ի հետ զրույցում ասաց Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանի Ախալքալաքի մասնաշենքի ռեկտորի տեղակալ Վասիլ Մոսիաշվիլին:
Ուսանողները բողոքում են, որ չունեն ֆինանսական միջոցներ ամեն շաբաթ PCR թեստ հանձնելու, պահանջում են անվճար թեստ հանձնել՝ ինչպես ուսուցիչները և պետական կառույցներում աշխատողները և անցնել առկա ուսուցման։
Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանի ռեկտորը օնլայն հանդիպում կկազմակերպի ուսանողների հետ, որպեսզի լուծում տա ուսանոցղների ներկայացրած բողոքին: Վերջինս Jnews-ի հետ զրույցում վստահեցրեց, որ պատվաստված ուսանողը կարող է ուսումը շարունակել առկա ռեժիմով։
Նշենք, որ հոկտեմբերի 4-ից Վրաստանի դպրոցներում ու նախակրթարաններում վերսկսվել է ուսուցումը առկա ռեժիմով, սակայն պետական համալսարաններում ուսումը շարունակվում է օնլայն ռեժիմով։