Ազավրեթ գյուղի դպրոցի աշակերտները մտադիր են շարունակել դասադուլը մինչեւ ապրիլի 14-ը, մինչեւ Վրաստանի նախագահի ժամանումը:

Այսօր կրկին Ազավրեթ գյուղի դպրոցում դասեր չկային: Աշակերտները չէին գնացել դպրոց եւ չեն պատրաստվում գնալ մինչեւ ապրիլի 14-ը:

Դպրոցի տնօրեն Սլավիկ Եղիազարյանի խոսքերով, ուսուցիչները սովորականի պես դպրոց էին եկել եւ սպասում էին աշակերտներին:

«Աշակերտները չէին եկել: Այսօր էլ դասեր չեղան: Քաղաքապետը մեզ տեղեկացրեց, որ ապրիլի 14-ին գալիս է նախագահը, եւ աշակերտները մեծ հույսեր ու ակնկալիքներ ունեն նրա այցից », – մեզ հետ հեռախոսազրույցում ասաց Ազավրեթ գյուղի դպրոցի տնօրեն Սլավիկ Եղիազարյանը:

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետը հավանություն չի տալիս բարեկարգման պահանջի նման միջոցին:

«Ես նրանց բացատրեցի, որ դասադուլ պետք չէ կազմակերպել: Մենք աշակերտներին առաջարկեցինք գնալ հարևան Բուռնաշեթ գյուղ, բայց նրանք հրաժարվեցին: Ես բոլորին, և նահանգապետին, եւ վարչապետին տեղեկացրել եմ դպրոցում ստեղծված իրավիճակի մասին: Նրանք պահանջում են ապահովության երաշխիք, իսկ ես ինչպես կարող եմ երաշխավորել, որ վաղը այս վթարային դպրոցը չի փլուզվի: Նախագահի ծրագրերում նախատեսված չէ այց դեպի Ազավրեթ գյուղ », – ասաց քաղաքապետ Յուրիկ Ունանյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 8-ին Ազավրեթ գյուղի աշակերտները դասադուլ էին հայտարարել, երբ իմացել էին, որ իրենց դպրոցը ներառված չէ քաղաքապետարանի կողմից վերանորոգվող 24 դպրոցների ցանկում:

Ազավրեթում դասերն անցկացվում են ծայրահեղ պայմաններում

Ազավրեթ գյուղի դպրոցի տանիքը փլուզվում է

Ազավրեթ գյուղի դպրոցը ընդլայնման կարիք ունի

Ծնողները պահանջում են անվտանգ դպրոց

Շուշան Շիրինյան