Ազավրեթ գյուղի հանրային դպրոցում երեկ դասադուլ էին հայտարարել: Ծնողները եւ աշակերտները դժգոհ են մնացել այն բանից, որ իրենց դպրոցը չէր ներառվել մունիցիպալիտետի կողմից վերանորոգվող 24 դպրոցների ցանկում:
Երեկ, ապրիլի 8-ին, Ազավրեթի դպրոցում դասեր չեն անցկացվել: Առավոտվանից գյուղի մոտ 50 բնակիչ հավաքվել էին քաղաքապետարանում եւ պահանջում էին բացատրություն:
Պետք է նշել, որ 2018թ-ին, ԿԳ նախարարության դպրոցների շինարարության ծրագրի համաձայն, որոշվել էր վերանորոգել Ազավրեթ գյուղի դպրոցը, սակայն վերանորոգումը չիրականացվեց, քանի որ գյուղում համարեցին, որ միջոցները (մոտ 200 000 լարի) բավարար չեն դպրոցի բոլոր կարիքները հոգալու համար, նրանք ուզում էին, որ Ազավրեթում նոր դպրոցի շենք կառուցեն:
Դպրոցի տնօրեն Սլավիկ Եղիազարյանի խոսքով, քաղաքապետ Յուրիկ Ունանյանը ցանկություն հայտնեց օգնել արագացնելու դպրոցի բարեկարգման գործընթացը:
«Մեր ծնողներին զայրացրեց այն հանգամանքը, երբ նրանք իմացան, որ մեր դպրոցը այս տարի չի վերանորոգվելու: Մի քանի տարի առաջ նրանք ուզում էին վերանորոգել դպրոցը, բայց մի քանի հոգի, չեմ ուզում տալ նրանց անունները, բողոքեցին եւ ասացին, որ ցանկանում են նոր դպրոց: Այժմ թող գան մասնագետները, տեսնեն, թե ինչ է մեզ հարկավոր, վերանորոգում, թե նոր դպրոց: Երկու տարբերակն էլ մեզ համար ընդունելի է », – ասում է Սլավիկ Եղիազարյանը:
Ազավրեթ գյուղի դպրոցը վաղուց արդեն վթարային վիճակում է: jnews- ը բազմիցս է գրել այս խնդրի մասին: Դպրոցում սովորում է մոտ 200 աշակերտ: Նրանք սովորում են երեք հերթափոխով: Առաջին հերթափոխի մեկ դասաժամը տեւում է 35 րոպե, երկրորդի եւ երրորդինը՝ 30 րոպե է:
Ազավրեթում դասերն անցկացվում են ծայրահեղ պայմաններում
Ազավրեթ գյուղի դպրոցի տանիքը փլուզվում է
Ազավրեթ գյուղի դպրոցը ընդլայնման կարիք ունի
Ծնողները պահանջում են անվտանգ դպրոց
Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը, մեկնաբանելով իրավիճակը, ասաց, որ սխալ է համարում խանգարել ուսման գործընթացը, քանի որ ուսումնական տարվա ավարտին մնացել է շատ քիչ ժամանակ:
«Ես առաջարկեցի, դպրոցականներին չզրկեն դասերից, եւ շատերը համաձայնեցին, մինչև մենք կտեսնենք, թե ինչ ենք անելու: Ես բոլորին տեղեկացրել եմ` ԿԳ նախարարությանը, նահանգապետին, վարչապետին, 14-ին նախագահը կգա նրան էլ կտեղեկացնենք: Ես նահանգապետին ասել եմ, որ բարձրացնի նոր դպրոց կառուցելու հարցը: Նրանք պատրաստ են 3 տարի էլ սպասել, միայն թե նոր դպրոց ունենան: Եթե ոչ, ապա այս տարի մենք կապիտալ վերանորոգման ծրագրի նախագիծը կկազմենք, եւ հաջորդ տարի կվերանորոգենք », – ասաց Յուրիկ Ունանյանը:
Արդյոք Ազավրեթ գյուղի դպրոցում կշարունակեն դասադուլը պարզ կդառնա այսօր:
Շուշան Շիրինյան