Վրաստանի Կրթության եւ գիտության նախարարությունը նպատակ ունի վրացական ԲՈՒՀ-երում, երկու տարվա ընթացքում արմատավորել եվրոպական չափանիշներ:
Այս մասին հայտարարել է Կրթության նախարար Միխեյիլ Բատիաշվիլին: Նրա խոսքերով, բարձրագույն կրթության ինտեգրումը մեկ եվրոպական տարածքում, ամենակարեւոր ուղին է համարվում, որը Կրթության նախարարությունը պետք է անցնի համալսարանի հետ միասին:
«Մենք ակտիվորեն աշխատել ենք ԵՄ-ի փորձագետների հետ եւ նախանշել կոնկրետ ծրագիր: Երկուշաբթվանից մենք անցնում ենք կոնկրետ ծրագրերի, քանի որ մեր նպատակն է երկու տարվա ընթացքում հասնել վրացական ԲՈՒՀ-երում եվրոպական չափանիշների արմատավորմանը: Դրա համար նախարարությունը հնարավորինս աջակցություն կցուցաբերի ինչպես պետական, այնպես էլ մասնավոր համալսարաններին, որպեսզի երկու տարվա ընթացքում եվրոպական չափանիշները արմատավորվեն ամենուրեք», – հայտարարել է Միխեյիլ Բատիաշվիլին:
Միխեյիլ Բատիաշվիլին եւ Կրթության որակի զարգացման ազգային կենտրոնի տնօրեն Գիորգի Վաշակիձեն այսօր ներկայացրել են բարձրագույն կրթության համակարգի եվրոպական տարածքում ինտեգրման տեսլականը եւ կրթության որակի զարգացման երկամյա գործողությունների պլանը: